National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
23.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընթերցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի ելույթում ասվում է.

«Հարգարժան հյուրե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հերթական գլոբալ ֆորումի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ մեծագույն եւ ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի: Մանավանդ աշխարհը դեռեւս պարտք ու ասելիք ունի այդ հանցագործության վկաներին` նախեւառաջ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին, հոգու եւ սրտի ասելիք, արդարության ու ճշմարտության պարտք: Անկախ նրանից, թե ինչ տեսքով եւ որ` իրավական, թե բարոյական դաշտում պետք է վերադարձվի այդ պարտքը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ լեզվով պետք է հնչի հոգու եւ սրտի խոսքը, միեւնույն է, արդարությունը պահանջում է, ժամանակը` պարտադրում:

Հարգելի՛ բարեկամներ, ցեղասպանության վկաները կենդանի հիշողություն են` կապված առաջին հերթին 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, դրա անպատժելիությունից ծնված հաջորդ` Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի, հիմա նաեւ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցեղասպանությունների հետ, եւ կենդանի հիշեցում ցեղասպանությունների անթույլատրելիության ու պատժի անխուսափելիության մասին: Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունից հրաշքով փրկված, բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակների սերունդներն այսօր ապրում են բոլոր մայրցամաքներում՝ որպես տարբեր երկրների քաղաքացիներ` ԱՄՆ-ից Կանադա, Բրազիլիայից Արգենտինա եւ Ուրուգվայ, Իտալիայից մինչեւ Ռուսաստան եւ Հնդկաստան, Ֆրանսիայից մինչեւ Ավստրալիա եւ Սինգապուր, Եգիպտոսից մինչեւ Երուսաղեմ ու Քուվեյթ, Սիրիայից մինչեւ Իրան եւ Իրաք ու այլուր: Մինչդեռ նրանք պիտի ապրեին իրենց ծննդավայրում՝ սեփական հողի վրա. 1915 թվականին իրենց եւ բախտակից ժողովուրդների` ասորիների, եզդիների, հույների հանդեպ իրականացված ցեղասպանության հետեւանքով նրանք զրկվեցին հայրենիքից:

Հարգելի բարեկամներ, ցեղասպանության վկաների հիշողության դաշտն աստիճանաբար ավելի ընդգրկուն է դառնում` շնորհիվ այն երկրների ու կառույցների, որոնք քաղաքական ու քաղաքացիական խիզախություն եւ պատասխանատվություն են դրսեւորում` ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, որոնք գիտակցում են, որ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործության չդատապարտումով ճանապարհ է բացվում նոր ցեղասպանությունների համար: Ցեղասպանության` որպես մարդկության դեմ հանցագործության դատապարտումը պետք է դառնա պարտք ու պատասխանատվություն քաղաքակիրթ մարդկության համար, բայց նախեւառաջ Թուրքիայի, որ այսօր նույն ձեռագրով փորձում է լուծել քրդերի հարցերը:

Ես չեմ կարող չխոսել նաեւ ապրիլյան ագրեսիայի մասին, որ սկսեց Ադրբեջանը: Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով՝ Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով փոխել ստատուս քվոն տարածաշրջանում՝ նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ եւ պայմաններ թելադրել բանակցություններում: Ինչ ստացվեց՝ գիտեք բոլորդ: Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց իր բլից կրիգը, այլեւ ձախողվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում: Նաեւ հասցրեց իր ժամանակի մեջ չփոխվող «ստորագրությունը» թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով էր տիրել: Ադրբեջանական բանակի եւ նրա կազմում կռվող վարձկանների ձեռքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության, այդ թվում` երեխաների ու ծերերի սպանությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների խոշտանգումներն ու անարգումները, ընդհուպ մինչեւ անդամահատում: Սա ձեռագիր է, որը, անպատժելիությունից ոգեւորված, սկիզբ է առնում 1915 թվականից` Օսմանյան Թուրքիայից եւ շարունակվում մեր օրերում: Ադրբեջանն իրեն հավասար հարթության մեջ դրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը:

Հարգելի՛ բարեկամներ, այս տարի առաջին անգամ ամբողջ աշխարհի հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 24-ին չի հնչելու հիշատակի պատարագ: Անցյալ տարի ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո հայ առաքելական եկեղեցին կատարելու է ոգեկոչումի աղոթք եւ դա ոչ միայն եկեղեցական ծիսակատարության փոփոխություն է: Վստահեցնում եմ՝ կարեւոր ձեռքբերում է, որ մենք դադարել ենք Հայոց ցեղասպանությանը վերաբերվել որպես ողբերգության. դա մեզ ստիպում էր ապրել սպանվածի, բռնաբարվածի ու կողոպտվածի, ունեզրկվածի բարդույթով: Հայաստանի Հանրապետությունը, որն այս տարի սեպտեմբերին նշելու է իր անկախության 25 տարին, պետական մակարդակով հնարավորություն տվեց խոսել պահանջատիրության մասին, հնարավորություն տվեց հաղթահարել ցեղասպանվածի բարդույթը ու խոսել վերածնվածի ձայնով: Ու դա լավագույն պատասխանն է անցյալ, ներկա ու ապագա բոլոր թալեաթներին, էնվերներին ու ջեմալներին:

Այս ֆորումում մենք խոսում էինք ոչ միայն ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի գործունեության մասին, այլեւ աշխարհի բոլոր ցեղասպանությունների պարտադիր հետեւանք՝  փախստականների: Ո՞վ, եթե ոչ հայերս իրական ասելիք ունենք այս թեմայով: Հարյուր տարի ու ավելի: Ես չեմ կարող չանդրադառնալ Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցներին: Նրանք, որ հարյուր տարի առաջվա ցեղասպանության վերապրածների ժառանգներն էին, հարկադրված էին նորից գաղթել՝ թողնելով իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիան, տունն ու աշխատանքը, շատերը՝ հարազատներին ու ապաստան որոնել Հայաստանում: Երբ սիրիական պատերազմի անմիջական մասնակից Թուրքիան Եվրամիության հետ քաղաքական առեւտրի ու շանտաժի հարց է դարձնում փախստականներին, հազար անգամ նվազ հնարավորություններ ունեցող Հայաստանը ընդունում ու առանց բարձրագոչ հայտարարությունների հնարավորինս բնակարանով ու աշխատանքով ապահովում է սիրիացիներին՝ նրանց համարելով ոչ թե փախստական, այլ հայրենակից, յուրային, հարազատ, որ դժվարին վիճակում է:

Անցյալ տարի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, իրապես համահայկական փաստաթուղթ, որ ոչ միայն ամփոփում էր անցած հարյուրամյակում ցեղասպանության գիտակցման, ճանաչման ու դատապարտման անցած ճանապարհը, այլեւ ձեւակերպում էր մեր անելիքները: Տարողունակ ու համապարփակ այդ փաստաթղթին անդրադառնալով՝ մենք այսօր կարող ենք փաստել, որ շարժվել ենք համահայկական հռչակագրի ուղենիշներով ու ունենք հաջողություններ. նշեմ միայն, որ Հայաստանի շնորհիվ ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց ցեղասպանությունների դեմ կանխարգելման եւ ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր: Բայց ճանապարհը շարունակվում է, եւ կարեւորագույն հարցերը դեռ սպասում են իրենց լուծման ժամանակին: Մենք տերն ենք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի՝ հանուն առավել հզոր հայրենիքի` ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման: Ես վստահ եմ, որ մանուշակագույն մեր անմոռուկներն աշխարհին այսօր ասում են ավելին, քան անցած տարի, եւ եկող տարի ասելու են ավելին, քան հիմա, որովհետեւ մենք բոլորս համատեղ անում ենք մի կարեւոր աշխատանք, որի արդյունքները ավելի տեսանելի է դարձնելու ժամանակը: Շնորհակալ եմ ֆորումի բոլոր մասնակիցներին եւ հավարտ ուզում եմ բոլորից անունից վկայել՝ «Հիշում եմ եւ պահանջում»՝ վստահ, որ այս երկու բառը միայն կարգախոս չեն, այս երկու բառում կա անցյալի ու ապագայի պատմություն»:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am