Տպել
06.11.2013
Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը
1 / 3

Նոյեմբերի 6-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ամփոփելով հանձնաժողովի 23-րդ նիստի աշխատանքը, նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային միջոցների խնդիրները եւ միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի թեման, անցկացման վայրը եւ ժամկետը: Առաջին հարցի շուրջ ելույթ են ունեցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը: Փոխնախագահի խոսքով՝ զեկուցողները ներկայացրել են երկու երկրների միջեւ տրանսպորտային կապի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Տիկին Նաղդալյանն իր խոսքում նշեց, որ հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարեն հայկական կողմից ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, ռուսական կողմից՝ Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն: Նրանք կհամակարգեն տրանսպորտի ոլորտում կատարվող աշխատանքները, կներգրավեն մասնագետների, ոլորտի պատասխանատուների, կանցկացնեն նիստի ընթացքում քննարկված հարցերի ուսումնասիրություն:

Նիկոլայ Ռիժկովն իր խոսքում նշեց, որ հանձնաժողովի նիստը հետաքրքիր էր եւ աշխույժ, քննարկվեցին կարեւորագույն հարցեր եւ դրանց լուծման կառուցողական մոտեցումները՝ ելնելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունից եւ գործընկերությունից: Նա ներկայացրեց, որ առավոտյան հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ քննարկել հանձնաժողովի 24-րդ նիստի անցկացման հարցերը: Ռուսական կողմն առաջարկել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Նիժնի Նովգորոդում 2014 թ.-ի հունիսին:

Ասուլիսի ավարտին Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը պատասխանեցին լրագրողների հարցերին: