Տպել
16.02.2012
Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային: 
  
Շնորհակալություն հայտնելով այցի համար` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանային եւ համաշխարհային լուրջ դերակատարում ունեցող Հնդկաստանի հետ իր ունեցած սերտ հարաբերությունները: Պարոն Նիկոյանի խոսքով` այդ կապերը, որոնք դարերի պատմություն ունեն, ներկայում էլ բնականոն զարգանում են թե երկկողմ, թե միջազգային տարբեր կառույցներում համագործակցության շրջանակներում: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը, որը եղել Է բավականին աշխույժ, եւ պատրաստակամություն հայտնեց  էլ ավելի խորացնելու դրանք: Տպավորիչ են նաեւ Հնդկաստանի վերջին տարիների հաջողությունները տնտեսության, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ, ըստ պարոն Նիկոյանի, այս առումով եւս փոխգործակցության լավ հեռանկարներ կան: 
  
Շնորհավորելով Սամվել Նիկոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց, որ իր երկրում բարձր են գնահատում Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, որոնք ավանդական են: Նա շեշտեց այն ավանդը, որն ունեցել է հայ ժողովուրդը Հնդկաստանի մշակութային եւ այլ ոլորտներում: Աչալ Կումար Մալհոտրան, կարեւորելով  Ազգային ժողովի դերը երկրում իրականացվող բարեփոխման գործընթացներում, ընդգծեց  միջխորհրդարանական երկկողմ  համագործակցության կարեւորությունը, որը, ըստ նրա, եղել է ամենաբաձր մակարդակի վրա: ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով, առկա են բոլոր նպաստավոր նախադրյալներն ավելի ընդլայնելու հայ-հնդկական կապերը` բոլոր հնարավոր ուղղություններով: