Տպել
18.03.2004
Լյուբլինյան հանդիպումներ

Լեհաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 18-ին եղավ Լյուբլինում, ուր հանդիպեց Լյուբլինի վոյեվոդա ԱնջեյԿուրովսկու, վոյեվոդության մարշալ Հենրիկ Մակարեւիչի եւ վոյեվոդայի արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների, ինստիտուտների ռեկտորներիհետ:

Լյուբլինի վոյեվոդա Անջեյ Կուրովսկին մանրամասն ներկայացրեց քսան հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ երկու միլիոն երեք հարյուր հազար բնակչություն ունեցող վոյեվոդության տնտեսական, գյուղատնտեսական, գիտական-մշակութային կյանքը: Նա նշեց, որ դեռ միջնադարից հայերը հաստատվել են այդ տարածքում, ակտիվ դեր ունեն այսօր էլ: Ժամանակին Լյուբլինի Մարիա Սկլադովսկայա Կյուրիի անվան համալսարանը գիտական կապեր է ունեցել Երեւանի պետական համալսարանի հետ:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով` վոյեվոդային եւ վոյեվոդությունը ներկայացնող պատվիրակությանը հրավիրեց Հայաստան` համագործակցության ցանկությանը ռեալ ընթացք տալու համար, տեղում գործնական ծրագրեր կազմելու համար:

Լյուբլինի վոյեվոդա Անջեյ Կուրովսկու գնահատականով` համագործակցությունը զարգացնելու խթան է դառնալու. «Լեհերն ու հայերը շատ վաղուց են միմյանց ճանաչում ու շատ վաղուց են միմյանց բարեկամացել` մեր վոյեվոդությունում այդ բարեկամությունը հաստատող բազում հուշարձաններ են թողել անցած դարերը: Այսօր մեզ մնում է միայն որոշակի գործերով ավարտել նրանց սկսածը: Մենք կարող ենք իրար օգնել կրթության, մշակույթի, արդյունաբերության ու գյուղատնտեսության բնագավառում: Մենք պիտի իրար հետ աշխատենք, որ իսկապես հաջողության հասնենք: Մեր երկրի օրենսդրությամբ համաձայնագիրը կնքում է վոյեվոդության ինքնակառավարման մարմինը եւ ընթացակարգային մի քանի մեխանիզմներ հաղթահարելուց հետո շատ շուտով մենք կկնքենք Լյուբլինի եւ Հայաստանի մարզերից մեկի հետ համագործակցության համաձայնագիր»:

Նախատեսվում է, որ Լյուբլինի վոյեվոդության եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի միջեւ կկնքվի համագործակցության համաձայնագիր:

Պատվիրակության անդամները եղան Լյուբլինի մերձակայքում գտնվող Մայդանեկ համակերնտրոնացման ճամբարում, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվել է երկու հարյուր հիսուն հազար մարդ: Պատվիրակության անունից ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ծաղկեպսակ դրեց Մայդանեկում ֆաշիստական օկուպացիայի տարիներին զոհվածների հուշարձանին եւ գրառում կատարեց պատվավոր հյուրերի մատյանում:

Պատվիրակությունը եղավ Զամոշչ քաղաքում: Քաղաքապետ Իվոնա Ստոպչինսկու հետ եւս քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության խնդիրները: