Տպել
29.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Իզաբել Դինգիզյանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 29-ին ընդունեց Շվեդիայի խորհրդարանի` Ռիգստագի հայազգի  պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց պատգամավորի մասնակցությունը Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունմանը եւ ի դեմս նրա շնորհակալություն հայտնեց Ռիգստագի նախագահին ու բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտելը եւս մեկ քայլ է ապագայում աշխարհում նման հանցագործությունները կանխելու համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար` Իզաբել Դինգիզյանը նշեց, որ բանաձեի  ընդունումը Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության սկիզբն է, եւ ինքը պատրաստ է նպաստել այդ համագործակցության զարգացմանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հայ-շվեդական բարեկամության պատգամավորական խումբ, եւ ցանկալի կլինի նման խմբի ստեղծումը նաեւ Շվեդիայի խորհրդարանում: Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ մտադիր է Երեւանում կազմակերպել աշխարհի բոլոր խորհրդարանների հայազգի պատգամավորների համաժողով, ինչը շատ օգտակար կլինի Հայաստանը ճանաչելու, տեղեկատվություն ստանալու, փոխադարձ շփումների եւ համագործակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: