Տպել
16.10.2008
Այցելություն Անդրանիկ Օզանյանի թանգարան

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց զորավար Անդրանիկ Օզանյանի Երեւանում գործող թանգարանը: Թանգարանի տնօրեն Իլյիչ Բեգլարյանը Աժ նախագահին ներկայացրեց թանգարանի ստեղծման պատմությունը: Թանգարանի տնօրենին հաջողվել է տեւական ու մանրակրկիտ որոնումների շնորհիվ Հայաստանում հավաքել  Անդրանիկի զինակիցներից ու Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, Փարիզում բնակվող ազգականներից ստացած անձնական իրերը, պատմական փաստաթղթերը, զորավարին ու նրա զինվորներին վերաբերող  գեղանկարներ ու նրանց մասին պատմող գրքեր, թերթեր: Թանգարանի զարդն են նաեւ հայ նշանավոր մշակութային գործիչների այն ընծաները, որոնց ժամանակի ընթացքում դիպել է զորավարի ձեռքը: Թանգարանի տնօրենը, պատմելով Անդրանիկ Օզանյանի գործունեության մասին, ԱԺ նախագահին իրազեկեց, որ իր հաճախակի հյուրերն են դպրոցականները, որ պատմական փաստաթղթերով հագեցած սրահներում պատմության ու հայրենասիրության դասեր են ստանում: 
 
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Իլյիչ Բեգլարյանին` իր կատարած շնորհակալ գործի համար` Երեւանում զորավարի մասունքները հավաքելու, նրա կյանքն ու գործը այդքան մանրամասն ներկայացնելու համար եւ թանգարանի աշխատանքներին իր աջակցության պատրաստակամությունը հայտնեց: