Տպել
11.09.2008
Հունաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում

 Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նիկոլայոս Կալանցիանոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը:

Ողջունելով հյուրերին` Աժ նախագահը նշեց, որ այցը համընկել է տարածաշրջանի համար հետաքրքիր եւ բարդ ժամանակաշրջանի` օգոստոսյան իրադարձությունները դժվարին իրավիճակ են ստեղծել: Պարոն Թորոսյանը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնող Հունաստանը կարող է աջակցել տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը եւ  Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ այդ կարեւոր գործընթացին:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նիկոլայոս Կալանցիանոսը նշեց, որ 2009-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելուց հետո կազմակերպության սեւեռուն ուշադրության կենտրոնում կլինեն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ համագործակցելով Եվրամիության ու ԵԱՀԿ անդամ երկրների հետ` հնարավորը կարվի ճգնաժամը հաղթահարելու համար, որը շատ կարեւոր է ամբողջ տարածաշրջանի համար: Պարոն Կալանցիանոսը խնդրեց Աժ նախագահին իր տեսակետները ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ` ապագա նախագահության ընթացքում կատարելիք քայլերի ճշգրտման առումով:
 
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` ԱԺ նախագահը ներկայացրեց հակամարտության ընթացքը եւ կարգավորման հիմքերը միջազգային իրավունքի շրջանակներում: ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ԱԺ նախագահը թյուրըմբռնում է համարում այն իրողությունը, որ հակամարտությունը դիտվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` շրջանցելով ԼՂՀ-ն, մինչդեռ ԵԱՀԿ-ն ԼՂ-ն ճանաչել է իբրեւ հակամարտության կողմ եւ զինադադարի փաստաթուղթն էլ ստորագրվել է երեք կողմերի միջեւ: Իրատեսական միակ լուծումը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: Այս առումով ԱԺ նախագահը կարեւոր համարեց այն փաստը, որ վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշակվող փաստաթղթերի հիմքում երկու սկզբունք են դնում` ինքնորոշման իրավունքը եւ տարածքային անձեռնմխելիությունը, որոնք իրականում բնավ միմյանց չեն հակասում. հելսինկյան եզրափակիչ ակտը հստակ սահմանում է, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը գործում է ճանաչված պետությունների միջեւ եւ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն այդ ակտով պիտի կարգավորվեն:

Թուրքիան կարո՞ղ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում օգտակար լինել` հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերությունները, հարցին ի պատասխան Աժ նախագահը նշեց, որ մինչեւ այժմ տեղի ունեցածի վկայությամբ` չի կարող, եթե չփոխվեն մոտեցումները: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախապայմաններից մեկն էլ ԼՂ հարցն է: Ըստ ԱԺ նախագահի` ամենակարեւոր աջակցությունը կլինի այն, որ Թուրքիան այդ նախապայմանը հանի: Առավելեւս, որ անկախության 17 տարիներին հարաբերությունների հաստատման համար Հայաստանը որեւէ նախապայման չի առաջադրել: Հղումներ անելով թուրք պատգամավորների հետ ԵԽԽՎ-ում իր շփումներին` ԱԺ նախագահը նշեց, որ նրանք որոշակիորեն բարդույթավորված են Հայաստանի եւ հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքում եւ ակներեւորեն դրա պատճառը ցեղասպանությունն է, որի ճանաչումը առաջին հերթին Թուրքիային ու թուրք ժողովրդին է պետք` այդ բարդույթից ազատվելու համար: Կարեւորելով ՀՀ նախագահի հրավերով` Թուրքիայի նախագահի առաջին այցը Հայաստան, Աժ նախագահը անհրաժեշտ համարեց գործնական քայլեր ձեռնարկելը` մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը, որը նաեւ միջազգային կառույցների խնդիրն է, որովհետեւ միջազգային որեւէ կառույցի սկզբունքների շրջանակում չի տեղավորվում անդամ երկրների փակ սահմանների փաստը: Թուրքիան տարածաշրջանում նոր կառույց ձեւավորելու նախաձեռնությամբ է հանդես եկել, որ իրավիճակից բխող կարեւոր քայլ է, բայց շատ կարեւոր է, թե ի՞նչ  արժեքներ ու սկզբունքներ են դրվելու հիմքում: Վերջին պատերազմը տարածաշրջանի երկրներին հարկադրում է մտածել խաղաղությանն, անվտանգությանն ու համագործակցությանն ուղղված լուրջ քայլերի անհրաժեշտության մասին` այս առումով Աժ նախագահը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությունը կնպաստի այդ խնդրի լուծմանը:
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նիկոլայոս Կալանցիանոսը հետաքրքիր վերլուծության ու տեղեկատվության համար շնորհակալություն հայտնելով` արձանագրեց, որ սառեցված հակամարտությունները թեժանալու միտումներ են դրսեւորում, որը կարող է աղետ դառնալ եվրասիական տարածքում եւ իրենց նախագահության շրջանում պիտի քայլեր ձեռնարկեն հակամարտությունները լուծելու կամ գոնե սառեցված վիճակում պահելու համար: Նրա գնահատմամբ` ԵԱՀԿ-ն հավաքատեղի է բոլոր անդամ երկրների համար եւ հնարավորություն է տալիս երկխոսություն ունենալ նաեւ այն երկրներին, որ միմյանց հետ պաշտոնական հարաբերություններ չունեն: 

Հավարտ հանդիպման` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հաջողություններ մաղթեց Հունաստանին ԵԱՀԿ նախագահության ընթացքում` վստահ, որ այդ շրջանը նշանակալից կլինի տարածաշրջանի հակամարտությունների հաղթահարման եւ երկրների միջեւ առավել ցանկալի հարաբերությունների հաստատման համար: 


11.09.2008
Քննարկվեցին համագործակցությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանիին, որ Հայաստանի Հանրապետությունում է ներկայացնելու համար Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին:Կարեւո...