National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
10.06.2008
«Նաեւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք հպարտությամբ ներկայանալ աշխարհին»


 «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (RAA) հասարակական կազմակերպության նպատակն է գիտարշավների միջոցով գտնել հայկական ճարտարապետության կոթողները ներկա Հայաստանի սահմաններից դուրս` պատմական Հայաստանի տարածքում` Արեւմտահայաստանում եւ Կիլիկիայում, հարեւան երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում, Նախիջեւանում եւ Իրանում, պատմական Սփյուռքում, ուսումնասիրել եւ որպես հրատարակություն ներկայացնել հայ եւ օտար հանրությանը: RAA-ի աշխատանքները սկսվել են 1969 թվականին եւ 1978 թ.` որպես գիտահետազոտական, ոչ շահադիտական միավոր հաստատվել է Գերմանիայի Աախեն քաղաքում: 1998 թ. նույն կանոնադրությամբ գրանցվել է Երեւանում (այստեղ է գտնվում կենտրոնական գրասենյակը), 1999-ին` ԱՄՆ-ի Լոս-Անջելոս քաղաքում:  RAA-ն ունի նաեւ իր գործակիցները Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի տարբեր երկրներում:

Կազմակերպությունը մինչեւ 2005 թ. իրականացրել է 157 գիտարշավ, որից 68-ը` Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա, 41-ը` Արցախ 25-ը՝ Վրաստան եւ 12-ը՝ Պարսկահայք: Աշխատանքներ են տարվել նաեւ Սփյուռքի գաղթօջախներում` Հնդկաստանում, Իրանում, Սուդանում, Սինգապուրում եւ այլուր: 

Գիտարշավների ընթացքում հայտնաբերված պատմական բազմաբնույթ հուշարձանները՝ վանք, եկեղեցի, բերդ, կամուրջ, աղբյուր, գերեզմանոց, խաչքար, տապանաքար, ժողովրդական տներ եւ այլն, լուսանկարվում են, չափագրվում եւ քարտեզագրվում: Առանձնակի ուշադրության են արժանանում վիմագիր արձանագրությունները, որոնք ընդօրինակվում են եւ վերծանվում: Դաշտային հետազոտական աշխատանքներին զուգահեռ տարվում են նաեւ արխիվային եւ գրադարանային ուսումնասիրություններ: Բազմակողմանիորեն հավաքագրված տվյալները գիտականորեն մշակվում են եւ ամբողջանում որպես գիտական ուսումնասիրություններ: 

 1983-1989 թթ.  ՀԽՍՀ Պատմական հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության եւ RAA կազմակերպության ջանքերով ձեռք բերված նյութերի հիման վրա դր. Վազգեն Բարսեղյանի (ԱՄՆ, Թրոյ) մեկենասությամբ ու գլխավորությամբ լույս ընծայվեցին միկրոֆիլմերի` “Armenian Architecture” 1-7 հատորները, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 4000-5000 պատկեր, չափագրություն եւ տեքստ:

1997 թվականից կազմակերպությունը «Գիտական ուսումնասիրություններ» շարքից հրատարակել է  «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» (1997 թ., Երեւան), «Վրաց պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները» (1998 թ., Երեւան),    «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (1999 թ.՝ հայերեն, 2000-ին՝ ռուսերեն եւ 2001-ին՝ անգլերեն, Երեւան), «Արցախի եւ Սյունիքի մելիքական ապարանքները» (2001 թ., Երեւան), «Թիֆլիսի քաղաքագլուխները» (2003 թ., Բեյրութ. հայերեն եւ ռուսերեն տարբերակներով), «Հյուսիսային Արցախ» (2004 թ., Բեյրութ, 2007 թ. անգլերեն, Երեւան), «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» (2004 թ., Բեյրութ), «Հայերը Կախեթում» (2004 թ., Բեյրութ) աշխատությունները:
 RAA կազմակերպությունը հրատարակել է նաեւ բազմաթիվ գրքույկներ, քարտեզներ, օրացույցեր եւ այլ նյութեր: 

Կազմակերպության աշխատանքներից է արխիվների թվայնացումը, հայկական պատմական հուշարձանների տվյալների շտեմարանի ստեղծումն ու հատկապես Արեւմտյան Հայաստանում ոչնչացված շենքերի թվանշանային վերակազմությունը: Կազմակերպության արխիվներում պահվող շուրջ 220.000 պատկերներից արդեն թվայնացվել է շուրջ 70.000 միավոր, որոնք գրանցվել են լազերային սկավառակների վրա:

RAA-ի եւ  մի քանի ծրագրավորողների համագործակցությամբ 2004 թ. ավարտվեց իր տեսակի մեջ եզակի «Հայկական պատմական հուշարձանների շտեմարանը», որը ներկայացվել է հասարակությանը դինամիկ ինտերնետային կայքի տեսքով: 

2005 թ. կազմակերպությունը ձեռնամուխ եղավ ֆիլմերի պատրաստման աշխատանքներին:    2006 թ. ընթանում են Ջուղայի գերեզմանոցին նվիրված ֆիլմի պատրաստման աշխատանքները:
 
Կազմակերպության գործունեության կարեւոր ոլորտներից է հայկական պատմական հուշարձանների վերականգնումը: Կազմակերպության նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ վերականգնվել են Թեհրանում 19-րդ դարով թվագրվող Սբ. Գեւորգ եւ Վանաքի Սբ. Սարգիս եկեղեցիները, Պարսկաստանի հյուսիսում գտնվող 7 վանք ու եկեղեցի, Հայաստանում եւ Արցախում վերականգնվել է 7 եկեղեցի եւ վանք:

RAA-ն առանձնահատուկ նշանակություն է տվել կրթական ասպարեզին: Բազմաթիվ դասախոսություններ են տրվել Հայաստանի եւ Արցախի մի շարք այլ քաղաքների դպրոցներում ու համալսարաններում: Համանման աշխատանքներ են տարվել նաեւ 16 երկրների մեր համայնքների մշակութային կենտրոններում:
Կազմակերպությունը ներկայացրել է մի շարք ցուցահանդեսներ:  2005 թ. ապրիլին Հայաստանում եւ արտերկրում ներկայացվել է Արեւմտահայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած մշակույթի ջարդը լուսաբանող իննը ցուցահանդես:  Յուրաքանչյուր շաբաթ «Երկիր-Մեդիա» հեռուստաալիքով հեռարձակվում է «Ճանաչենք, որ պահենք» հաղորդաշարը եւ սույն թվականի նոյեմբերի 25-ից` յուրաքանչյուր ուրբաթ «Նարեկացի արվեստի կենտրոն»-ում ներկայացվում են դասախոսություններ: Պատմական Հայաստանի տարածքում կատարած ծավալուն ուսումնասիրությունների, հայ ինքնության պահպանման գործում ունեցած բացառիկ ծառայության, ինչպես նաեւ Գերմանիայում հիմնադրման 30-ամյակի եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցման 10-ամյակի կապակցությամբ` հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) կազմակերպությունը ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, իսկ կազմակերպության հիմնադիր նախագահ, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանը եւ կազմակերպության երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը` Ազգային ժողովի պատվո մեդալներով: 

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց  հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանին եւ երեւանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը: Հանձնելով Ազգային ժողովի պատվոգիրն ու Պատվո մեդալները` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Հախնազարյանին ու Սամվել Կարապետյանին` իրենց չափազանց կարեւոր ու անհրաժեշտ աշխատանքի համար: ԱԺ նախագահը կարեւորեց նրանց գործունեությունը իբրեւ անմնացորդ նվիրում երկրին ու ժողովրդին` նպատակ ունենալով կորստից փրկել դարերով կուտակած մեր պատմական արժեքներն ու փոխանցել մեր ժառանգներին: Պատմական Հայաստանի տարածքում կատարվող ուսումնասիրությունները լուրջ ու դժվարին, մեծ կամք ու հետեւողականություն, մասնագիտական հմտություններ ու համբերություն պահանջող աշխատանքներ  են, որոնք ԱԺ նախագահի գնահատականով` ոչ միայն նպաստում են հայ ինքնության պահպանմանը, այլեւ` ժառանգականության, որի պակասը մեզ մշտապես դատապարտում է ամեն ինչ նորից սկսելուն: «Նաեւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք հպարտությամբ ներկայանալ աշխարհին»` ասաց պարոն Թորոսյանը` ուսումնասիրությունների շարունակականության ու նոր գրքերի ակնկալիքով:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Հախնազարյանը եւ երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը իրենց գործունեությունը գնահատեցին որպես հոգու պարտք եւ վստահեցրին ԱԺ նախագահին, որ ուսումնասիրությունները շարունակվելու են: Պարոն Հախնազարյանը շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, նշեց որ պատվոգիրն ու Պատվո մեդալը գնահատական են ամբողջ կազմակերպության գործունեությանը: Նա կարեւորեց պետական աջակցությունը եւ հոգատարությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու տարածքի ներսում գտնվող պատմական հուշարձանների հայտնաբերման ու պահպանման համար: Իրենց առաքելությունը հազարավոր մարդկանց իղձերի իրականացում որակելով`  Սամվել Կարապետյանը Աժ նախագահին ներկայացրեց կազմակերպության ծրագրերը` մի քանի օրից վերստին ճանապարհորդություն է սկսվելու Պատմական Հայաստանի տարածքում, որը կամբողջանա հերթական գրքով եւ կորստից ու կործանումից փրկված հերթական հուշարձանների ու վավերագրերի արձանագրումով: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS