Տպել
14.05.2008
Թուրքմենստանի դեսպանն Ազգային ժողովում

Մայիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Շոխրատ Ջումաեւին:

Դեսպանը ԱԺ նախագահին իրազեկեց Թուրքմենստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական բարեփոխումների մասին եւ հավաստեց իր երկրի ու ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման ցանկությունը: Պարոն Ջումաեւը հատկապես կարեւորեց տնտեսական կապերը քաղաքական բարձրամակարդակ հարաբերություններին հասցնելը եւ միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, որի նպատակով կարեւորվեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի ստեղծումը: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց իր պաշտոնավարման ընթացքում հնարավորն անել երկու պետությունների եւ ժողովուրդների ավանդական բարեկամական կապերը սերտացնելու ուղղությամբ: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` Թուրքմենստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը մասնակցելու համար` նրա այցը Աշգաբադ համարելով հարգանքի դրսեւորում: Հիշելով տարիներ առաջ Աշգաբադի ավերիչ երկրաշարժը` դեսպանը երախտագիտությամբ նշեց, որ նաեւ հայ շինարարների ջանքերով վերականգնվեց երկրի մայրաքաղաքը: Երկրում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում` դեսպանը հավաստեց, որ մեծ տեղ է տրվում մրցույթների կազմակերպմանը եւ Աշգաբադում սիրով կընդունեն հայ շինարարներին, ովքեր իրենց հարուստ փորձը թուրքմենական հողում կիրառելու ցանկություն կունենան: Պարոն Ջումաեւը, անդրադառնալով կրթական խնդիրներին, կարեւորեց, որ 60 երիտասարդներ ուսում են ստանում Հայաստանում:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց դեսպանին` պաշտոնամուտի առիթով եւ հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքը կնշանավորվի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմամբ եւ  պատրաստակամություն հայտնեց նպաստել  համագործակցության խորացմանն ուղղված դեսպանի քայլերի հաջողությանը: Անդրադառնալով քաղաքական հարաբերությունների մակարդակին նաեւ տնտեսական կապերը հասցնելուն` ԱԺ նախագահը նշեց, որ երկու պետությունների տնտեսական զարգացումը նորանոր հնարավորություններ է ստեղծում փոխշահավետ համագործակցության համար: Կարեւորվեց միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորություն կտա: Միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման նպատակով` պարոն Թորոսյանը նշեց, որ մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը ԱԺ-ում կստեղծվի պատգամավորական բարեկամության խումբ: Թուրքմենստանի խորհրդարանում էլ նման խմբի ստեղծումը ու փոխայցերը կնպաստեն միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Իր ջերմ վերաբերմունքը հավաստելով թուրքմեն ժողովրդի նկատմամբ` ԱԺ նախագահը նշեց, որ երկրում կատարվող բարեփոխումները տեսանելի են նաեւ արտաքին քաղաքականության մեջ, եւ առանձին երկրների ու Եվրամիության հետ հարաբերությունների ծավալումը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: