Տպել
12.09.2007
Մարզական հաղթանակներ` շնորհիվ վարպետության ու ոգու

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանի կարատեի ազգային հավաքականի մարզիկներին` ‎‎ ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանի եւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց ազգային հավաքականի մարզիկներին, գոհունակություն հայտնելով, որ թիմում կան տարբեր տարիքի մարզիկներ, որը հաղթանակների շարունակականության լավ գրավական է: Պարոն Թորոսյանը ընդգծեց աղջիկների ներկայությունը թիմում եւ նրանց հաղթական ելույթները, քանի որ առողջ եւ ուժեղ աղջիկները ամուր ընտանիքի ու առողջ ժողովրդի հիմքն են: Կարատեի ազգային հավաքականի չորրորդ անգամ անընդմեջ հաղթանակը ԱԺ նախագահի գնահատմամբ` վկայում է, որ հայ մարզիկները ոչ միայն հիանալի մարզական վարպետություն ունեն, այլեւ` ամուր ոգի, որովհետեւ միայն ամուր ոգին է մարզական անկանխատեսելի իրավիճակներում հնարավոր դարձնում հաղթանակը: Պարոն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, որ տարիներ շարունակ լինելով թիմի հետ, ոգեպնդելով ու նոր հաղթանակների առաջնորդելով` մասնակիցն է դարձել մարզական հաղթանակների:

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանն Աժ նախագահին իրազեկեց, որ  հավաքականն օգոստոսի 24-26-ին Բուենոս Այրեսում կարատեի աշխարհի գավաթի 13-րդ առաջնությանը մասնակցելով`  ուժեղ մրցակիցների առկայությամբ, կարողացավ նվաճել գավաթը, հաղթանակներ տոնելով նաեւ անհատական մրցաձեւերում եւ Հայաստան բերելով 15 ոսկե, 8 արծաթե, 3 բրոնզե մեդալներ: Հիացած լինելով հայ մարզիկների հաջողությամբ` կարատեի միջազգային ասոցիացիան որոշել է 2009-ին առաջին անգամ Հայաստանում անցկացնել գավաթի հերթական խաղարկությունը` շուրջ 55 երկրների հավաքականների մասնակցությամբ: Այսօր հանրապետության բոլոր մարզերում կան կարատեի խմբակներ, որտեղ 10000 մարզիկներ են կոփում իրենց վարպետությունը. պարոն Միքայելյանի գնահատմամբ` նրանցից ոչ բոլորը մարզական կարիերան կընտրեն, բայց մարզական կոփվածքը նրանց դարձնում է հայրենիքի պաշտպաններ: Արցախում եւս կարատեի լավ մարզադպրոց կա եւ հեռու չեն նաեւ արցախցի կարատեիստների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում: Կարատեի սկզբունքներից է` «Որքան բարձր է գիտակցությունը, այնքան բարձր է վարպետությունը»` այս սկզբունքով առաջնորդվելով են հայ մարզիկները մրցահարթակում հաղթում մրցակիցներին: Պարոն Միքայելյանը պատմեց, որ տարիներ շարունակ «Հայաստանի փառքը» խորագրով կարատեի մրցաշարեր են կազմակերպվել, որոնց հաղթողները պարգեւատրվել են հայտնի հայ թագավորների հուշամեդալներով ու մրցանակներով: Նա «Տիգրան Մեծ» արքայի հուշամեդալն ու արձանիկը նվիրեց ԱԺ նախագահին` վստահություն հայտնելով, որ իր բարդ ու պատասխանատու աշխատանքում «Տիգրան Մեծը» ուղեկից կլինի նրան: Պարոն Միքայելյանը նշեց, որ առաջին հաջողությունից հետո` 2000 թ. իրենց ընդունեց եւ շնորհավորեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իսկ 2007-ին նրա շնորհիվ  կարատեի ազգային ֆեդերացիան առաջին անգամ պետական օժանդակություն ստացավ: 

Անդրադառնալով Արգենտինայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պատմեց, թե ինչ ոգեւորությամբ է հայ մարզիկների հաղթանակը տոնել արգենտինահայ համայնքը` մրցումների ժամանակ իր ներկայությամբ գոտեպնդելով հայրենակիցներին, հավաքականի հաղթանակը յուրովի դարձել է համախմբման գործոն արգենտինահայերի համար:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, եւս մի անգամ կարեւորելով մարզական հաղթանակները նաեւ քաղաքական հաղթանակների առումով ու աշխարհում Հայաստանն իր ձեռքբերումներով, սպորտով, մշակույթով հայտնի դարձնելը, անհրաժեշտության դեպքում նոր հանդիպումների եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց: ԱԺ նախագահը հատկապես կարեւոր համարեց 2009 թ. Հայաստանում աշխարհի գավաթի խաղարկությանը լավագույնս ու հանգամանալից նախապատրաստվելը եւ, իհարկե, վերստին հաղթելը: Հայաստանի կարատեի ազգային հավաքականի մարզիկներին ի նշանավորումն նրանց հաղթանակի` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ազգային ժողովի պատվոգիր հանձնեց` վստահություն հայտնելով, որ առիթներ կունենա հետագայում նաեւ անհատապես շնորհավորել մարզական հաջողությունների համար: