Տպել
30.07.2007
Քննարկվեցին համագործակցության խորացման հարցեր


Հուլիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:

Իբրեւ Հարավային Կովկասի հարցերի համակարգող` պարոն Բրայզան նշեց, որ, ներգրավված լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում, իր անմիջական պարտականություններով վերջերս հաճախակի զբաղվելու հնարավորություն չի ունեցել եւ այս այցի նպատակը համագործակցության բոլոր ոլորտներին անդրադառնալն է: Նա շնորհավորեց ԱԺ նախագահին` խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար անցկացնելու համար:

Նրա խնդրանքով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իրազեկեց ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորված քաղաքական իրավիճակի մասին: ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական ընտրությունների անցկացման մակարդակի քաղաքական նշանակությունը երկրի կյանքում, հույս հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները եւս մեկ քայլ առաջ կարձանագրեն ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Նշվեց, որ սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում էական փոփոխություներ են տեղի ունեցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման առումով: ԱԺ նախագահն ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունը ժամանակին չկարողացավ գնահատել այդ շատ կարեւոր գործընթացի նշանակությունը` բոյկոտելով քննարկումները, եւ հետագայում էլ լրջորեն չուսումնասիրվեց, թե խորհրդարական ընտրություններից հետո քաղաքական ինչ իրավիճակ է ստեղծվելու սահմանադրական փոփոխությունների հետեւանքով: Նշվեց, որ խորհրդարանը եւ կառավարությունը երկրի կյանքում կարեւոր դերակատարություն են ստացել, եւ հիմա, խորհրդարանական մեծամասնության աջակցությունն ունենալով միայն` նախագահը կարող է  ազդեցիկ դերակատարություն ունենալ երկրում: Մայիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ունի ընդհանուր ձայների կեսը  եւ կոալիցիա կազմելով` խորհրդարանական մեծամասնություն ունի, որը շատ պարտավորեցնող է եւ հնարավորություն է տալիս երկրի առաջընթացի համար որակական նոր հարցադրումներ անել: Պարոն Թորոսյանը նշեց, որ ընդդիմության թուլությունը խնդիր է նաեւ իշխանության համար, որովհետեւ բազմակուսակցական համակարգում մի կողմի թուլությունը չի կարող չանդրադառնալ մյուս կողմի վրա: Այս առումով կարեւորվեց բազմակուսակցական համակարգի կայացումը` ԱԺ աշխատակազմի որակական բարելավմամբ օգնելով խորհրդարանական կուսակցությունների աշխատանքին (նշվեց, որ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան արդեն ներկայացրել է խորհրդարանի հետ  համագործակցության նախնական ծրագիրը, որը սեպտեմբերին   կքննարկվի ), եւ աշխատանքներ տանելով ընդհանրապես բազմակուսակցական համակարգի կայացման ուղղությամբ: Անդրադառնալով նախագահական ընտրություններին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ լավ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն մեծ դժվարություններ չի ունենա այդ ընտրություններում իր թեկնածուի հաղթանակի համար: Նշվեց, որ բարեփոխումների առաջին փուլը հաջողությամբ ավարտելով, Հայաստանում սկսվել է երկրորդ փուլը, որի ժամանակ գլխավոր ուշադրությունը դարձվելու է սոցիալական խնդիրների լուծմանը: Հայաստանն այժմ գտնվում է իր զարգացման ամենավճռորոշ շրջանում, երբ անդառնալի են դարձել ժողովրդավարական զարգացումները, եվրաինտեգրման գործընթացները եւ հետագա հաջողությունները երկիրը որակական նոր մակարդակի կհասցնեն:

Պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, նշելով, որ լավատեսորեն է տրամադրված հարցի լուծման հնարավորության նկատմամբ, բայց ոչ շուտափույթ լուծման առումով: Նշվեց, որ Կոսովոյի հարցի հետ կապված հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` միջազգային հանրությունը կարծես թե բաժանվել է երկու մասի` մի մասը գտնում է, որ Կոսովոն բացառիկ դեպք է եւ պետք է անկախություն ստանա, մյուս մասը գտնում է, որ բոլոր հակամարտություններն էլ նման լուծումը կարող են ստանալ: Աժ նախագահի գնահատմամբ` երկու դեպքում էլ տեսակետները չեն հիմնավորվում. եթե հիմնավորվի, թե ինչու է Կոսովոն բացառիկ, կամ ինչու պիտի մյուս հակամարտություններն էլ նույն մոդելով լուծվեն, այդ շրջանակներում լուծումները կհեշտանան:

Պարոն Մեթյու Բրայզան համաձայնեց, որ պետք է լինեն հիմնարար սկզբունքներ ցանկացած հակամարտության լուծման դեպքում: Նրա գնահատմամբ` տրամաբանական չէ, որ Կոսովոյի օրինակով անկախություն ստանան այլ հակամարտություններում ընդգրկված կողմերը: Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում նա կարեւորեց Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները` տարածքային ամբողջականության, մարդկանց ազատ ինքնորոշման եւ զինված ուժեր չօգտագործելով, փոխզիջումային տարբերակ գտնելը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այդ սկզբունքների հակասությունը կարծեցյալ է եւ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների վերջին երկու տարվա փորձը վկայում է, որ գտնված է ճիշտ բանաձեւ այդ  սկզբունքները ոչ թե միմյանց հակադրելով, այլ` համադրելով: Այդ շրջանակներում հակամարտության լուծման իրական ճանապարհը կարելի է գտնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ ցանկացած այլ հակամարտության լուծման համար: Պարոն Բրայզայի գնահատականով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ են փոխզիջումային տարբերակին, որտեղ Հելսինկյան երեք սկզբունքներն էլ արտացոլված են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման խնդրին. պարոն Բրայզան նշեց, որ իրեն տրամադրված տեղեկատվության համաձայն շատ հարցեր պարզաբանվեցին, ու թեեւ «Ազատությունը» նախընտրում է Հանրային ռադիոընկերությունը, բայց կարեւորը   հեռարձակման հնարավորություն ունենալն է, եթե ժամային սահմանափակումներ չլինեն եւ առեւտրային խնդիրներ չառաջանան: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն եւ գտնված տեխնիկական լուծումը քաղաքական արձագանքների տեղիք չի տա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: