Տպել
23.07.2007
Լեհաստանի դեսպանն Ազգային ժողովում


Հուլիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտհեին:

Պարոն Կնոտհեն ԱԺ նախագահին փոխանցեց Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի շնորհավորանքները հիանալի անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ Լեհաստանի Հանրապետություն պաշտոնական այցի հրավերը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, շնորհակալություն հայտնեց   շնորհավորանքների եւ հրավերի համար` նշելով պարոն Բորուսեւիչի   Հայաստան կատարած այցի կարեւորությունը եւ այն ազնիվ ու հավասարակշիռ դիրքորոշումը, որ Սենատի նախագահն արտահայտել էր տարածաշրջան կատարած այցից հետո, որն օգնում է հակամարտությունների հաղթահարմանը: Աժ նախագահը նշեց, որ սեպտեմբերին չորրորդ գումարման Ազգային ժողովում կձեւավորվեն պատգամավորական բարեկամության խմբեր եւ անպայման կստեղծվի Լեհաստանի խորհրդարանի հետ նման խումբ, որը կնպաստի գործուն կապերի զարգացմանը: Նշելով վերջին տարիներին Լեհաստանի հետ միջխորհրդարանական կապերի   բարձր մակարդակը` պարոն Թորոսյանը կարեւորեց հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես եվրաինտեգրման գործընթացում լեհական փորձի ուսումնասիրությունը ու խորհրդարանական կյանքի կազմակերպումը: ԱԺ նախագահը նշեց նաեւ միջազգային կառույցներում եւ եվրոպական զարգացման ծրագրերի շրջանակներում համագործակցության կարեւորությունը: Անդրադառնալով բարեփոխումներին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն արձանագրեց, որ դրանց առաջին փուլի ավարտով, սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդավարական չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացումով, տնտեսական զարգացման բարձր ցուցանիշներով լավ նախադրյալներ են ստեղծվել երկրի առաջընթացի եւ երկրորդ փուլի բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար: ԱԺ նախագահը այս շրջագծում կարեւորեց առաջիկա նախագահական ընտրությունները եւս բարձր մակարդակով անցկացնելը, որից հետո առաջիկա 4-5 տարիներին երկրի առաջընթաց զարգացման նոր հնարավորություններ կբացվեն:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր ցավակցությունները հայտնեց Լեհաստանի ժողովրդին ու ղեկավարությանը` Ֆրանսիայում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված ուխտագնացների համար, նշելով, որ ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ նման դժբախտություններից, բայց իր պատմության մեջ բազում դժվարություններ հաղթահարած լեհ ժողովուրդը այս հարվածին եւս պատվով կդիմակայի:

Շնորհակալության հայտնելով ցավակցության համար` Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտհեն նշեց, որ իր կարծիքով եւս Հայաստանում լավ նախադրյալներ են ստեղծվել քաղաքական ու տնտեսական հաջողությունների համար եւ կարող են գործուն հարաբերություններ հաստատվել Եվրամիության հետ` խորացնելով նոր հարեւանության քաղաքականությունը: Այդ առումով ոչ միայն լեհական փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, այլեւ Լեհաստանը հնարավոր աջակցությունը ցույց կտա Հայաստանին, որովհետեւ շահագրգռված է գործուն հարաբերություններ ունենալ նախկին ԽՍՀՄ երկրների ու հատկապես Հարավային Կովկասի պետությունների   հետ` խորացնելով հարաբերությունները: Դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը նաեւ հանձնաժողովների միջեւ կապերի հաստատմամբ` մասնավորապես արտաքին հարաբերությունների եւ նորաստեղծ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովների:    

  Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: