Տպել
18.07.2007
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարն Ազգային ժողովում

Հուլիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Իվ Արնոլդիին` իր առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր Ջեյմս Ռեյնոլդսը, որ այդ պաշտոնում փոխարինելու է Իվ Արնոլդիին:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ամփոփելով պարոն Արնոլդիի  երկամյա աշխատանքի արդյունքները, օգտակար եւ արդյունավետ որակեց դրանք եւ շնորհակալություն հայտնեց նրան ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նաեւ այն աջակցության համար, որ ցուցաբերվել է ԵԽԽՎ պատվիրակության այցին ԼՂՀ` անհայտ կորած անձանց վերաբերյալ զեկույցը պատրաստելու նպատակով: ԱԺ նախագահի գնահատմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը շատ կարեւոր է, որովհետեւ ունի մարդասիրական նպատակներ եւ օգնում է իրադարձությունների բերումով դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց, ուստի ցանկացած երկրի պետական կառույցները պետք է աջակցեն կոմիտեի գործունեությանը: Պարոն Թորոսյանը գոհունակությամբ նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ պարոն Արնոլդիի գործունեությունը միանգամայն համա պատասխան են եղել միջազգային չափանիշներին ու պահանջներին եւ օգնել են այդ շրջանակներում եղած խնդիրների լուծմանը: ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ խորհրդարանի հետ համագործակցությունը: Անդրադառնալով կազմակերպության դերին մերթ Հայաստանի, մերթ ԼՂՀ-ի սահմաններն անցնող այն ադրբեջանցիների ճակատագրի հարցում, որոնք չեն ցանկանում հայրենիք վերադառնալ, պարոն Թորոսյանը նշեց, որ նրանց օբյեկտիվ գնահատականը նպաստում է սահմանախախտման պատճառների բացահայտմանը եւ ադրբեջանական կողմի շահարկումների լուրջ հետեւանքներ չունենալուն: ԱԺ  նախագահը վստահություն հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի պաշտոնում պարոն Արնոլդիին փոխարինող Ջեյմս Ռեյնոլդսը եւս ակտիվորեն կաշխատի կազմակերպության մանդատի շրջանակներում` աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Պարոն Թորոսյանը Ազգային ժողովի կողմից պատրաստակամություն հայտնեց աջակցել կազմակերպությանը իր խնդիրների լուծման նպատակով:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Իվ Արնոլդին բարձր գնահատեց Ազգային ժողովի եւ անձամբ ԱԺ նախագահի ներդրումը կազմակերպության եւ իր կատարած աշխատանքների հաջողության մեջ: Խորհրդարանի հետ համագործակցությունը նա կառուցողական երկխոսություն որակեց, նշելով, որ թեեւ փոխհարաբերություններն ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեն, այդ ընթացքում քննարկվել են կարեւոր խնդիրներ: Նա ԱԺ-ի հետ համագործակցությունը կարեւորեց անհետ կորած անձանց ճակատագրի հարցում, վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը պարզել նրանց ճակատագիրը: 1992 թ. ներգրավված լինելով այդ գործընթացում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս տարի նորից ներկայացնելու է 4300 անհայտ կորածների ցուցակը: Նա նշեց, որ կազմակերպության աջակցությամբ ուսումնասիրվել է անհայտ կորածների հարցով Հայաստանի օրենսդրության համապատասխանությունը միջազգային իրավունքին եւ համատեղ քննարկման առաջարկ ներկայացրեց` անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխություններ անելու նպատակով: Պարոն Արնոլդին  նշեց նաեւ, որ կան միջազգային պայմանագրեր, որոնց Հայաստանը դեռ չի միացել` այդ հարցում եւս ակնկալելով Ազգային ժողովի հետ համագործակցություն:

ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ` պատերազմի ավարտից 13-14 տարի անց անհայտ կորած անձանց ցուցակների ճշգրտումը, ցավոք, վերաբերելու է նրանց, ովքեր արդեն չկան, եւ այդ ցուցակները կարող են համալրվել այն անձանցով, ովքեր առեւանգվել են սահմանի վրա: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանում որեւէ ադրբեջանցի չկա, բացառությամբ այն զինվորների, ովքեր հրաժարվում են հայրենիք վերադառնալ եւ մարդասիրական նպատակներով` Հայաստանը չի կարող հաշվի չառնել նրանց ցանկությունը: Նշվեց, որ դժբախտաբար, ստույգ տվյալներ չկան ադրբեջանական բանտերում պահվող հայերի մասին, միայն ժամանակ առ ժամանակ հարազատները լուրեր են ստանում նրանց մասին եւ տարբեր գործարքների առաջարկներ` նրանց ազատության դիմաց: ԱԺ  նախագահը կարեւորեց ՀՀ նշված ոլորտում ՀՀ օրենսդրության ուսումնասիրությունը` նշելով, որ քննարկումից առաջ պետք է ծանոթանալ ուսումնասիրությանը եւ ճշտել օրենսդրության մեջ կա՞ն անհայտ կործաներին վերաբերվող խնդիրներ, եւ այդ խնդիրները պե՞տք է օրենքով լուծել: Նա հիշեցրեց, որ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով, որի աշխատանքը եւս կնպաստի անհայտ կորածների խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: 

18.07.2007
Եգիպտոսի դեսպանն Ազգային ժողովում
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Եգիպտոսի դեսպան Աբլա Մոհամադ Աբդ-Էլ Ռահման Օսմանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ թեեւ դեսպանի աշխատանքի տարիները հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման տեսակետից արդյունավետ ...