National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.7.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.07.2007
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն Ազգային ժողովում

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին:  Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընտրություններին տված բարձր գնահատականի առիթով, որ կարեւոր արձագանք էր Հայաստանի համար եւ վստահեցրեց, որ բարեփոխումների ու եվրաինտեգրման խորացման քաղաքականությունը նույն ձեւով շարունակվելու է:

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը` շնորհավորելով ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրությունների համար, կարեւորեց բարեփոխումների խորացումը: Նա անդրադարձավ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխության օրինագծին եւ ստանալով ԱԺ նախագահի պարզաբանումը, գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում իրականում փորձ չի արվում որեւէ լրատվամիջոցի ազատությունը սահմանափակելու: Պարոն վան դեր Լինդենը կարեւորեց նաեւ դատական համակարագի բարեփոխումները եւ խորհրդարանի դերը այդ գործընթացում:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովը ընդունեց նոր եւ ծավալուն Դատական օրենսգիրք, որը սկիզբ դրեց անկախ դատական համակարգի կայացմանը Հայաստանում եւ այժմ քայլեր են արվում Դատական նոր օրենսգրքի ներդրման ուղղությամբ` Ազգային ժողովը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած խնդրի, որ կարող է այդ ընթացքում առաջանալ:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրությունները եւս ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու կարեւորությանը` պարոն վան դեր Լինդենը նշեց  Ընտրական օրենսգքրի բարեփոխման խնդիրը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որ մի քանի օր առաջ է ստացել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, նշեց, որ այն արդեն ուսումնասիրվում է եւ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում ամռանը առաջարկություններ կնախապատրաստվեն` աշնանային նստաշրջանում հարկ եղած փոփոխությունները քննարկելու եւ ընդունելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ  եղավ եւ Լեռնային Ղարաբաղի խնդրին. ԵԽԽՎ նախագահը նկատեց, որ հակամարտության հաղթահարման գործընթացում առաջընթաց չկա եւ չեն կատարվում հասարակական կարծիքի ձեւավորման աշխատանքներ` խնդիրը բանակցային գործընթացով լուծելու համար: Դիպուկ որակելով պարոն վան դեր Լինդենի գնահատականը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ, ցավոք, շատերը դա չեն նկատում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հարցում ամենակարեւոր ցուցիչը այն կարծիքն է, որ ձեւավորվում է Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում, իսկ այդ ցուցիչը վկայում է, որ ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում որեւէ մեկը մյուս ժողովրդի նկատմամբ ատելություն ու պատերազմ չի քարոզում, մինչդեռ ճիշտ հակառակն է Ադրբեջանում: Ասվածի ապացույցը դարձավ ադրբեջանցի ու հայ մտավորականների օրերս Երեւան, Ստեփանակերտ, Բաքու կատարած այցերին հետեւած արձագանքը: Հայաստանում ու Ստեփանակերտում այս նախաձեռնությունը արժեւորվեց, մինչդեռ Բաքվում`  գերակշռում էին կշտամբանքներն ու բողոքի ակցիաները` եւ լրատվամիջոցներով, եւ հանդիպումների ընթացքում: Իսկ դա հակասում է ԵԽԽՎ 1416 բանաձեւին, որտեղ ուղղակի նշված է, որ չի կարելի պատերազմ ու ատելություն քարոզել: ԱԺ նախագահը նկատեց, որ միջազգային կազմակերպությունները այն դեպքում իրապես կաջակցեն խնդրի կարգավորմանը, եթե անաչառ գնահատական տան` թե ո՞ր երկրում ինչպիսի՞ վերաբերմունք կա: Նաեւ` ատելության ու պատերազմի քարոզչության դրսեւորումները բոլորովին պետք չէ կապել ընտրությունների հետ. համենայն դեպս հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ ու նախագահական ընտրություններից առաջ նման դրսեւորումներ չեն եղել: Պարոն Թորոսյանը կարեւորեց օբյեկտիվ գնահատականների առկայությունը, որը հնարավորություն կտա ճիշտ գնահատել իրավիճակը եւ համապատասխան հետեւություններ անել, որը հակամարտության լուծման ուղղությամբ դրական ներդրում կլինի:

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին` ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը նկատեց, որ փակ դռները որեւէ դրական արդյունքի չեն հանգեցնում: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատականով` Եվրոպայի Խորհուրդն այս հարցում էլ ներգործության մեծ հնարավորություններ ունի` հաշվի առնելով եվրոպական արժեհամակարգը եւ այն հանգամանքը, որ եւ Հայաստանը, եւ Թուրքիան Եվրոպայի Խորհրդի անդամներ են եւ պարտավոր են այդ արժեհամակարգի հիմքով կառուցել փոխհարաբերությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am