Տպել
22.02.2007
Հայ-սիրիական բարեկամության ամրապնդման նպատակադրումով

Փետրվարի  22-ին ՀՀ ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի նորանշանակ  ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցեր: Պարոն Հարիրին նշեց, որ սովորաբար դիվանագետները նոր տեղում որոշակի դժվարություններ են ունենում, բայց ինքը, շնորհիվ Սիրիայի հայերի հետ ունեցած սերտ շփումների, իրեն Հայաստանում լավ է զգում: Նրա խնդիրն է լինելու զարգացնել սիրիա-հայկական հարաբերությունները: Պարոն Հարիրիի գնահատականով` երկու երկրներն ունեն քաղաքական բարձրամակարդակ հարաբերություններ, որոնց պետք է համապատասխանեցնել տնտեսական եւ մշակութային կապերը: Նա հաջողություններ մաղթեց խորհրդարանական ընտրություններում` նշելով, որ Սիրիայում եւս լինելու են նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններ եւ շատ կարեւոր է, որ երկու երկրներում էլ ընտրություններից հետո ստեղծվեն պատգամավորական բարեկամության խմբեր: Պարոն Հարիրին նաեւ նշեց, որ մարտին տեղի կունենա հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստը` իր նպաստը բերելով երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահություն հայտնեց, որ քաղաքական ինչ ուժեր էլ ընտրվեն խորհրդարանում եւ մեծամասնություն ձեւավորեն, հայ-սիրիական պատգամավորական բարեկամություն խումբ անպայման կստեղծվի, որովհետեւ քաղաքական ուժերը փոփոխական են, իսկ բարեկամությունը` մշտական: Պարոն Թորոսյանն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամությանը, որն իրական հաստատումն է այն փաստի` որ կրոնական տարբերությունները չեն որոշում ժողովուրդների հարաբերությունները: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովի նիստում ընդունված որոշումները կնպաստեն տնտեսական հարաբերությունների զարգացման որոշ դժվարությունների (օրինակ` տրանսպորտային խնդիրների) հաղթահարմանը, որովհետեւ երկկողմանի բարի կամքի դրսեւորումներ կան: Պարոն Թորոսյանը նշեց, որ Սիրիայում կա հայկական համայնք, որ ձեւավորվել է մահվան սպառնալիքից Սիրիայում ապաստան գտած մեր հայրենակիցներից, ու նաեւ դա է պատճառներից մեկը, որ նրանք Սիրիայի հավատարիմ ու օրինապաշտ քաղաքացիներ են: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին իր առաքելության մեջ` վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը կլինի արդյունավետ եւ կնպաստի երկու երկրների բարեկամության ու համագործակցության խորացմանը, միջխորհրդարանական գործուն կապերի ամրապնդմանը: