National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.11.2006
Ֆրանսիայի Ազգային ժողովի բարեկամության խմբի անդամները խորհրդարանում

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին, խմբի անդամ Ալեն Մուան Բրըսանին, քարտուղար Ժան Պիեռ Դելանուային:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց ի շահ Հայաստանի ու երկու ժողովուրդների բարեկամության գործադրված ջանքերի համար եւ այն մեծ աջակցության, որ Ֆրանսիայի խորհրդարանը ցուցաբերում է հայերիս համար զգայուն ընկալում ունեցող խնդիրների նկատմամբ. մասնավորապես վերջին շրջանում բոլոր երկրներում ու հատկապես Թուրքիայում բուռն արագանք գտած` ցեղասպանության ժխտողականության դատապարտման օրինագծի ընդունման, որն իրականում ուղղված է ոչ թե առանձին մարդկանց պատժելուն, այլ` նման երեւույթների նկատմամբ հստակ վերաբերմունք է արտահայտում` դրանք կանխելու նպատակով: Պարոն Թորոսյանը ծիծաղելի համարեց որոշ խմբերի վերաբերմունքը, երբ ժողովրդավարության մասին հեռավոր պատկերացում ունենալով` փորձում են Ֆրանսիայի խորհրդարանին մեղադրել խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների մեջ:

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, որ 15-րդ անգամ է Հայաստանում, նշեց այն մեծ առաջընթացը, որ 90-ական թվականներից հետո ունեցել է Հայաստանը բոլոր ոլորտներում: Նրա խնդրանքով ԱԺ նախագահը իրազեկեց ԼՂ հարցի կարգավորման ու Թուրքիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին: Աժ նախագահը նշեց, որ հիմա ԼՂ հարցի լուծման առավել նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. տեւական ժամանակ միմյանց հակադրվում էին ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, այժմ Մինսկի խմբի համանախագահները առաջարկում են մի բանաձեւ, որտեղ այդ սկզբունքները համադրվում են: Այդ մոտեցումն ամրագրված է ԵԽԽՎ 1416 բանաձեւում եւ ԵԽ նախարարների կոմիտեի այդ բանաձեւի վերաբերյալ ընդունած փաստաթղթում: Պատասխանելով պարոն Ռոշբլուանի հարցին Բաքվի դիրքորոշման մասին, որը նրա գնահատմամբ բոլորովին այլ է, պարոն Թորոսյանը նշեց, որ երկու պատճառով Բաքուն չի ուզում խնդիրը լուծված տեսնել` նախ լուծումը վերջ կտա Լեռնային Ղարաբաղը «ազատագրելու» «հայրենասիրական» ելույթներ ունենալու հնարավորությանը, ինչը կորցնել Բաքվում չեն ուզում, եւ ապա` կտրուկ մեծացնում են ռազմական ծախսերը, թեպետ հազիվ թե մտածում են զենքով լուծել հարցը. կյանքն արդեն ցույց է տվել, որ զենքի, փողի քանակը վճռորոշ նշանակություն չունի, բայց ռազմական բյուջեն ամենաանվերահսկելին է` դրանից բխող հետեւանքներով: Բայց վերջիվերջո` միջազգային հանրության համբերությունը կարող է սպառվել եւ այդ դեպքում նրանց լուծումը կպարտադրվի: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կողմնակից է նորմալ հարաբերությունների` առանց նախապայմանների, սակայն նախապայմաններ է դնում Թուրքիան, ինչը, բնականաբար, անընդունելի է: Որպես ԵԽ անդամ երկիր, որ ցանկանում է դառնալ ԵՄ անդամ` պարոն Թորոսյանը Թուրքիայի պարագայում անընդունելի  համարեց փակ սահմանի առկայությունը, որը համադրելի չէ եվրոպական որեւէ սկզբունքի ու չափանիշի հետ: Պարոն Թորոսյանը նշեց, որ ԵԽ-ն արջի ծառայություն մատուցեց Թուրքիային` դադարեցնելով մոնիտորինգը, թերեւս դրանից ոգեւորված է Թուրքիան սպառնալիքներ տեղում բոլորի, այդ թվում` ԵՄ-ի հասցեին:

Պարոն Ռոշբլուանը համաձայնեց ԱԺ նախագահի այդ դիտարկման հետ: Նա անդրադարձավ նաեւ ժխտողականության մասին օրենքը Ֆրանսիայի Հանրապետության Սենատում ընդունելուց առաջ մեկ այլ նախագծի քննարկմանը, որի հեղինակն է  ինքը եւ որով դատապարտվում են ընդհանրապես բոլոր ցեղասպանությունները` առանց երկիրները որոշակիացնելու: Պարոն Թորոսյանը նշեց, որ ինքնին որեւէ ցեղասպանություն հանցագործություն է մարդկության նկատմամբ եւ լիովին ընդունելի է ցեղասպանությունը դատապարտող ընդհանրական օրինագծի ընդունումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան եւ Հայաստանի էներգետիկ համակարգին: Պարոն Ռոշբլուանին հետաքրքրում էին Մեծամորի աէկ-ի  փակման հարցը եւ այդ շրջագծում` Հայաստանի էներգետիկ ապահովման հեռանկարները: ԱԺ  նախագահը պարզաբանեց, որ այժմ Հայաստանում, որոշ երկրներից վարկեր ու դրամաշնորհներ ստանալով, կառուցվում են փոքր հէկ-եր, որոնք, սակայն, էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջը բավարարել չեն կարող: Ծրագրեր կան նոր աէկ կառուցելու, ապա Մեծամորի աէկ-ը փակելու, բայց այս պարագայում ծագում են ֆինանսական խնդիրներ: Առաջիկա մի քանի տարում այս հարցը պետք է լուծվի:

Հանդիպման ժամանակ անդրադարձներ եղան եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի ու Ֆրանսիայի պատվիրակությունների համագործակցության խնդիրներին:


28.11.2006
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խումբը Ազգային ժողովում
Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, խմբի անդամ Ալեն Մուան-Բրըսանը եւ քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան հանդիպեցին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական բազմակողմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am