Տպել
22.11.2006
Կանադայի դեսպանը Ազգային ժողովում

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ռալֆ Լեսիշինին:

Աժ նախագահը վստահություն հայտնեց, որ պարոն Լեսիշինի նշանակումով հայ- կանադական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն` լինելով բարձր մակարդակի վրա եւ միաժամանակ ունենալով զարգացման նոր հնարավորություններ: Պարոն Թորոսյանը կարեւորեց Կանադայի հետ հարաբերությունները համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ այդ երկրի ունեցած դերով եւ այն արժեքների ու սկզբունքների դավանումով, որոնք ընդհանուր են նաեւ հայերիս համար: Կանադայի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված կանադա-հայկական պատգամավորական բարեկամության խմբի փաստը նշելով` պարոն Թորոսյանը  վստահություն հայտնեց, որ 2007-ի ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում եւս կստեղծվի պատգամավորական բարեկամության խումբ: Երկու երկրների համագործակցության առումով առանձնացվեց Կանադայի զարգացման գործակալության դերը` ԱԺ նախագահը բարձր գնահատելով գործակալության աշխատանքը, հույս հայտնեց, որ հետագայում կմեծանան համատեղ ծրագրերի ծավալները: Հարաբերությունների զարգացման եւս մեկ հիմք նշվեց` Կանադայում հայկական համայնքի առկայությունը, որ լավագույնս ինտեգրված է երկրի հասարակական կյանքում:

Հայաստանում Կանադայի դեսպան Ռալֆ  Լեսիշինը եւս կարեւորեց հայ համայնքի դերը` նշելով, որ այն նշանակալից ներդրում ունի իր երկրի կյանքում, առավել կազմակերպված համայնքներից է, նաեւ մեծապես հետաքրքրված է Հայաստանի կյանքով: Պարոն դեսպանն անդրադարձավ Հայաստանի տպավորիչ տնտեսական հաջողություններին, որոնք դժվարին պայմաններում են ձեռքբերվել` հաշվի առնելով Հայաստանի դիրքն ու խնդիրները: Նա նշեց, որ իր երկրի կառավարությունն ու խորհրդարանը մեծապես շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ ինքը պատրաստ է առավելագույնն անել: Պարոն Լեսիշինը համարում է, որ նշանակման ժամանակի առումով իր բախտը բերել է, քանի որ Հայաստանը մտնում է ընտրությունների փուլ, իսկ ընտրական գործընթացները միշտ ավելի խորքային պատկեր են բացահայտում: Դեսպանը կարեւորեց ընտրությունները, որոնք ցույց են տալու`  ընթանում է Հայաստանը դեպի արեւմտյան արժեքներ, թե ոչ:

Դեսպանի խնդրանքով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նրան իրազեկեց մեր երկրի քաղաքական համայնապատկերի ու զարգացումների մասին: ԱԺ նախագահը առաջիկա համապետական ընտրությունները կարեւորեց ոչ միայն որպես իշխանության ձեւավորման միջոց, որ 4-5 տարվա զարգացում է ուղենշում, այլեւ ժողովրդավարության առաջընթացի կարեւոր ցուցիչներից մեկը: Նա նշեց, որ 15 տարին բավական ժամանակ է` որակական փոփոխություններ արձանագրելու համար: ԱԺ նախագահն անդրադարձավ սահմանադրության փոփոխություններին, որոնք արդեն սկսել են դրսեւորվել քաղաքական ու հասարակական կյանքում. ի թիվս այլ փոփոխությունների վերացել է վարչական կալանքը, ամրագրվել է սահմանադրական դատարան դիմելու քաղաքացիների եւ պատգամավորների 1/5 դիմելու իրավունքը, մեծացել է խորհրդարանի դերը երկրի քաղաքական կյանքում: Այդ առումով կարեւորվեց բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը, որը օրինաչափորեն տեւական ժամանակ է պահանջում: Նշվեց, որ խորհրդարանի դերի մեծացումը նաեւ որոշակի մարտահրավերներ է պարունակում. քաղաքական կյանքում մեծ դերակատարում ունենալու նպատակով ընտրությունների  նախօրեին ստեղծվում են կուսակցություններ, որոնց հաղթանակի դեպքում քաղաքական ասպարեզում կարող են հայտնվել մարդիկ, որ քաղաքական դեմքեր չեն: Դա կարող է հարված լինել բազմակուսակցական համակարգին, եթե տարիների մեջ ձեւավորված կուսակցությունները դուրս մղվեն: ԱԺ նախագահը նշեց, որ նման մարտահրավերներ կան բոլոր երկրներում, եւ ընտրությունները փորձաքար են` հաստատելու ժողովրդավարության ու բազմակուսակցական համակարգի որակները: Ընտրությունները նաեւ  ճամփաբաժան են եւ շատ կարեւոր է, որ շարունակությունը լինի եվրոպական ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը միշտ էլ կառուցողական դիրքորոշում է ունեցել եւ պատրաստ է առանց նախապայմանների  բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց Թուրքիան դրան պատրաստ չէ եւ նախապայմաններ է դնում: Այս հարցում կարեւորվեց միջազգային հանրության դերը: Լեռնային Ղարաբաղի հարցում եւս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում ու պատրաստ է կառուցողական քայլերի, բայց այդ քայլերը հանդիպում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, Հայաստանի ու հայերի նկատմամբ ատելության խորացման ու ռազմական ծախսերի մեծացման քաղաքականությանը: Այս ընթացքը բոլորովին չի վկայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման ադրբեջանական կողմի ցանկությունը: ԱԺ նախագահը Տիգրան Թորոսյանը, այնուհանդերձ, նշեց, որ ինքը լավատես է եւ գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը կարող են դրական արդյունք տալ, եթե պահպանվի դժվարությամբ գտնված բանալին`  ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների համադրումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

22.11.2006
Սերբիայի դեսպանը Ազգային ժողովում
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Լիլիանա Բաչեւիչին: ԱԺ նախագահը շնորհավորեց տիկին Բաչեւիչին` նշանակման առիթով եւ վստահություն հայտնեց, որ իր առաքելության ընթացքում դեսպանը կնպաստի հայ-սերբական հարաբերությունների առավել սերտացմանը: Նշելով,...