Տպել
26.10.2006
Ճապոնիայի դեսպանը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Յասուո Սաիտոյին:

Դեսպանը նշեց, որ թեպետ Հայաստանն ու Ճապոնիան աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց լինելով Ճապոնիայի վեցեորդ դեսպանը Հայաստանում` իր նպատակն է զարգացնել հարաբերությունները երկու պետությունների միջեւ, շարունակելով համագործակցության ավանդույթները: Դեսպանը նշեց նաեւ, որ թե ճապոնացիները, թե հայերը ունեն բազում ընդհանրություններ` դարավոր մշակութային հարուստ ժառանգություն, գեղեցիկ երկիր ու բնական ռեսուրսների բացակայություն, երբ միակ բնական ռեսուրս մնում է մարդկայինը, որի հմուտ օգտագործմամբ ժամանակակից աշխարհում հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Դեսպանը նշեց, որ թեեւ ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցի նախօրեին Ճապոնիայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, բայց իր խնդիրներից մեկն էլ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն է:

Ողջունելով Ճապոնիայի դեսպանի մուտքը Հայաստան եւ նրան արդյունավետ պաշտոնավարություն մաղթելով` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ նա կնպաստի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Խորհրդարանի նախագահը դեսպանին իրազեկեց Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մասին` նշելով, որ սահմանադրության բարեփոխումից հետո պատգամավորները ձեռնամուխ են եղել Սահմանադրության եւ օրենսդրական դաշտի համապատասխանեցմանը: Այդ օրինագծերը վերաբերում են քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքի բոլոր ոլորտներին եւ խնդիր ունեն հնարավորություններ ստեղծել երկրում ժողովրդավարության խորացման ու քաղաքական, տնտեսական հետագա զարգացման համար: Աժ նախագահն անդրադարձավ նաեւ առաջիկա համապետական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացման անհրաժեշտությանը: Նա շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին` իր երկրի կառավարության Հայաստանին ցույց տված աջակցության համար: Ի պատասխան պարոն Սաիտոն նշեց, որ իր երկիրը առաջին տեղում է այլ երկրներին տնտեսական աջակցության ծրագրերով եւ ճապոնացիները շատ են կարեւորում այդ աջակցության հասցեականությունը: Երկու օր լինելով Հայաստանում, նա հնարավորություն է ունեցել համատեղ ծրագրերի արդյունավետության ու հասցեականության մեջ համոզվելու ու կարելվույնը կանի այդ ծրագրերը շարունակելու համար: Կարեւորելով ընտրությունները ժողովրդավարության զարգացման ու երկրի առաջընթացի համար` դեսպանն անդրադարձավ նաեւ բարենորոգումների կարեւորությանը, որոնք Հայաստանին տնտեսական զարգացման հնարավորություն են տվել: Պարոն Սաիտոն նշեց, որ Ճապոնիայում էլ տնտեսական բարեփոխումներ են կատարվում, որոնք շարունակում է նորերս նշանակված վարչապետ Աբեն եւ այս ոլորտում էլ փորձի փոխանակումը կարող է համագործակցության ուղղություն դառնալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան եւ այլ խնդիրների: