Տպել
25.10.2006
Շվեդիայի Թագավորության դեսպանը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հանս Գունար Ադինին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Շվեդիայի Թագավորության պատվո հյուպատոս Էդիտ Խաչատրյանը:

Պարոն Հանս Գունար Ադինը Աժ նախագահին իրազեկեց Շվեդիայում սեպտեմբերյան ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերի վերադասավորության մասին` նշելով, որ չորս կուսակցություններ ձեւավորել են կոալիցիա, Շվեդիայի խորհրդարանի նախագահը եւս վերջերս է ընտրվել: Դեսպանը նշեց, որ իր նշանակումը վկայում է Շվեդիայի` Հայաստանի հետ կապերի զարգացման մտադրությունը: Նա նաեւ կարեւորեց Հայաստանի ընդգրկումը Եվրամիության նոր հարեւանության ծրագրում եւ հույս հայտնեց, որ նոյեմբերին ստորագրվելիք գործողությունների ծրագիրը հնարավորինս արդյունավետ կիրականացվի եւ զարգացման նոր  հեռանկարներ կբացի Հայաստանի համար` նպաստելով եւ ժողովրդավարության խորացմանը, եւ տնտեսական առաջընթացին: Շվեդիայի Թագավորության դեսպանն անդրադարձավ նաեւ առաջիկա համապետական ընտրություններին` նշելով, որ թե բուն ընտրությունները, թե նախընտրական շրջանը լինելու են Եվրոպայի ուշադրության կենտրոնում եւ ակնկալվում է, որ Հայաստանը կդրսեւորի քաղաքական կամք` ապահովելու ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Պարոն Հանս Գունար Ադինը իր դեսպանական առաքելության նպատակը համարեց շվեդահայկական համագործակցության խորացումը եւ այդ շրջագծում միջխորհրդարանական կապերի զարգացումը:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ երկու երկրների միջեւ որոշակի կապեր կան, բայց միջխորհրդարանական հարաբերությունները դեռ բավարար զարգացած չեն եւ առայժմ կայանում են միջազգային կազմակերպություններում համագործակցության շրջանակներում: Երկուստեք արժեւորվեց նաեւ միջկուսակցական կապերի զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի կապերի ամրապնդմանը երկու երկների միջեւ: Կարեւորելով Հայաստանի որդեգրած եվրաինտեգրման քաղաքականության հաջողությունը` Աժ նախագահը դեսպանին իրազեկեց Ընտրական օրենսգրքի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին` նշելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի լրամշակման ընթացքում Ազգային ժողովը սերտ համագործակցում է ԵԽ եւ ԵԱՀԿ փորձագետների հետ եւ բոլոր հիմքերը կան մինչեւ տարեվերջ Ընտրական օրենսգրքի ընդունման` այդպիսով ընտրությունների անցկացման համար լավ օրենսդրական հիմքերի ստեղծման համար: Այնուհանդերձ միայն օրենքը բավարար չէ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման համար` ազդեցիկ քաղաքական ուժերը երկրում բարենպաստ մթնոլորտ պետք է ստեղծեն հաջողության հասնելու համար: Երկուստեք կարեւորվեց դիտորդների մասնակցությունը ընտրություններին եւ նրանց գնահատականների օբյեկտիվությունն ու անաչառությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ սահմանադրության բարեփոխումից հետո Հիմնական օրենքի եւ օրենսդրական դաշտի համապատասխանացման նպատակով կատարվող աշխատանքներին, որ ընդգրկում են մարդու իրավունքների պաշտպանության, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերը: Աժ նախագահը օրենսդրական այդ բարեփոխումները կարեւորեց երկրի թե քաղաքական, թե հասարակական, թե տնտեսական զարգացման հեռանկարի առումով` նշելով, որ վերջին 5-6 տարում Հայաստանը տնտեսական զարգացման լավ ցուցանիշների է հասել եւ առաջիկա 3-4 տարիներին երկրի սոցիալական ու քաղաքական կյանքի փոփոխությունները պետք է ուղղված լինեն ժողովրդավարության խորացմանն  ու դրանով նպաստեն տնտեսական հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս:


25.10.2006
ԵԱՀԿ-ում Իտալիայի դեսպանը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ-ում Իտալիայի դեսպան Ֆրանչեսկո Բասկոնեին: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն:Հանդիպման առանցքում  Ընտրական օրենսգրքի քննարկումներն էին եւ առա...