Տպել
23.10.2006
Ֆրանսիայի դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիին`  դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

«Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար` հանձին Ձեզ ուզում եմ իմ բարեկամության առհավատչյան հավաստել առ հայ ժողովուրդը»` ասաց պարոն Կյունին` նաեւ հավաստելով, որ Հայաստանից մեկնումը բնավ հրաժեշտ չէ Հայաստանին: Հետագայում նա պաշտոնավարելու է Սլովակիայում եւ կարելվույն սահմաններում մտադիր է նպաստել կրթական ծրագրերի շարունակմանը: Իր Հայաստանում հնգամյա պաշտոնավարության տարիների մասին պարոն Կյունին ասաց, որ դրանք եղել են հետաքրքիր ու կարեւոր աշխատանքային տարիներ, նաեւ` ինքը ձեռք է բերել տասնյակ բարեկամներ: Պարոն Կյունին կարեւորեց ֆրանկոֆոնիայի զարգացումը Հայաստանում, քանի որ ֆրանկոֆոնիայի հիմքում համաեվրոպական արժեքներ են եւ եվրաինտեգրման ճանապարհը առավել կարճ է դառնում` ֆրանկոֆոնիկ արժեքների զարգացմամբ: Հայաստանում Ֆրանիայի դեսպանն անդրադարձավ նաեւ առաջիկա համապետական ընտրություններին` 2007-ի խորհրդարանական ընտրությունները կարեւորելով նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների համատեքստում: Դեսպանը նշեց, որ առաջիկա ընտրությունները ժողովրդավարության ճանապարհին քննություն են լինելու Հայաստանի համար եւ երկրի զարգացման տեսակետից շատ կարեւոր է հաջող հանձնել այդ քննությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց պարոն Կյունիին` նշելով, որ նրա պաշտոնավարության տարիները Հայաստանի համար եղել են եվրոպական ընտանիք վերադառնալու անդառնալիությունը որոշարկող ժամանակ եւ պատրաստակամություն հայտնեց հետայսու էլ աջակցել նրան: Դեսպանի ջանքերով իսկապես ֆրանսիական մշակույթը ու լեզուն առավել մեծ տարածում գտան մեր երկրում: Աժ նախագահը նշեց, որ պարոն Կյունին իր հաջորդի համար լավ, բայց բարդ ժառանգություն է թողնում, որովհետեւ նոր դեսպանը պիտի պահպանի ու շարունակի եղածը: Առաջիկա համապետական ընտրությունների հաջողության համար Աժ նախագահը կարեւորեց քաղաքական ուժերի համախմբվածությունը: Նա նշեց, որ ժողովրդավարության քննության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն օրենքներ ընդունելով, այլեւ` կյանքում կիրառելով: Եվ արդեն հասել է ժամանակը ոչ թե սխալների օբյեկտիվ բացատրություններ տալու, այլ` դրանք վերացնելու հնարավորություններ գտնելու:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած հայոց ցեղասպանության մերժումը դատապարտող օրինագծին: Դեսպանի խնդրանքով Աժ նախագահը ներկայացրեց իր տպավորությունը օրինագծի ընդունման եւ դրան հաջորդած արձագանքների առումով: Մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մեկ այլ առիթով ասված`  «Նրանք կորցրին լռելու լավագույն հնարավորությունը» արտահայտությունը`  պարոն Թորոսյանը բնորոշեց այն կազմակերպությունների պահվածքը, որոնք դատապարտել են Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը: Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի արձագանքները ընդհանրապես տրամաբանության ու ողջամտության սահմաններում չեն տեղավորվում: Պարոն Թորոսյանը նշեց, որ առաջին ընթերցումով ընդունված օրինագիծը որեւէ մեկին բանտարկելու նպատակ չունի, այլ` զգաստության կոչ է, բարոյական խնդիրները քաղաքական աճուրդի չդնելու կոչ, եւ ովքեր փորձում են Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ, հայտնվում են ծիծաղելի վիճակում: