Տպել
20.10.2006
ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Սյու Ցզյալուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ՉԺՀ դեսպան Ցզո Սյուելյանը:

Ողջունելով ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ երկու երկրների միջեւ կան բարեկամական սերտ կապեր եւ միջխորհրդարանական ու միջկառավարական հարաբերությունների զարգացման լավ հեռանկարներ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ հաջողությունների է հասել տնտեսության ու հասարակական զարգացումներում եւ չինական փորձը առաջընթացի լավ օրինակ է` նշեց Աժ նախագահը: Պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ միջազգային ասպարեզում հայ-չինական արդյունավետ համագործակցությանը: Նշվեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել հօգուտ միասնական Չինաստանի` իբրեւ կիսված ժողովուրդ լավ հասկանալով նման խնդիրները: Երկու երկրների դիրքորոշումների ընդհանրությունը հաստատում է նաեւ այն այն փոխադարձ ընդունելի մոտեցումը, որ հակամարտությունների լուծումը ժամանակակից աշխարհում բանակցությունների սեղանի շուրջ պետք է գտնել: Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաեւ միջկուսակցական կապերին` նշելով, որ գլխավորելով ՀՀԿ պատվիրակությունը երկու անգամ եղել է Չինաստանում եւ ՉԺՀ կոմունիստական կուսակցության ու Հայաստանի Հանրապետական կուսակցության միջեւ զարգացող համագործակցությունը համարում է արդյունավետ ու փոխշահավետ, շարունակելու համար այդ համագործակցությունը` պարոն Թորոսյանը Չինաստանի կոմկուսի պատվիրակությանը հրավիրեց Հայաստան: Նա վստահություն հայտնեց, որ պարոն Սյու Ցզյալուի պաշտոնական այցը կնպաստի հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր փուլի ձեւավորմանը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Սյու Ցզյալուն իր երկրի խորհրդարանի նախագահ ՈՒ Բանգոյի ողջույնները փոխանցելով Աժ նախագահին` նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ եղել են ջերմ բարեկամական` լիակատար փոխըմբռնում է դրսեւորվել միջպետական բոլոր առնչություններում: Նա ներկայացրեց Չիանսատանի հասարակական-քաղաքական ու տնտեսական զարգացումների ներկա փուլը` նշելով, որ իր երկիրը որդեգրել է ներդաշնակ հասարակության ու գիտատեխնիկական հաջողությունների զարգացման ճանապարհ, որը պիտի նպաստի խաղաղությանն ու կայունությանը, հասարակական բարեկեցության աճին: Նա կարեւորեց համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի, կառավարության, գործարարների, հասարակական կազմակերպությունների, մշակութային գործիչների միջեւ, որ երկու երկրների համար զարգացման նոր հեռանկարներ կբացի: Պարոն Սյու Ցզյալուն գոհունակությամբ նշեց, որ հայ-չինական հարաբերությունները զարգացման նոր խթան կստանան Աժ նախագահի առաջիկա պաշտոնական այցի շնորհիվ, Չինաստանում սպասում են այդ այցին` կարեւորելով այն հայ-չինական հարաբերությունների զարգացման համատեքստում: Չինաստանի խորհրդարանի փոխնախագահն անդրադարձավ նաեւ միջկուսակցական կապերի զարգացմանը, սիրով ընդունելով կոմկուսին ուղղված այցի հրավերը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց միասնական Չինաստանի գաղափարի պաշտպանության համար, որ հատկապես կարեւոր է իր երկրի համար: Երկուստեք դրվատանքով նշվեց նաեւ դեսպանների աշխատանքի արդյունավետությունը, որ իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձաբար կարեւորվող այլ հարցեր եւս:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Սյու Ցզյալուի գլխավորած պատվիրակությանը հանդիպեց ԱԺ պատգամավոր Ռազմիկ Մարտիրոսյանի ղեկավարած Ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամության պատգամավորական խումբը:

Հայ եւ չինացի պատգամավորները քննարկեցին երկու երկրներիխորհրդարանական կապերի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Պատասխանելով հայ պատգամավորների հարցադրմանը` պարոն Սյու Ցզալուն Չինաստանի կայուն եւ ակտիվ զարգացման գաղտնիքը բացատրեց նրանով, որ չին ժողովուրդը չի նմանակել ոչ նախկին Խորհրդային Միության, ոչ էլ եվրոպական երկրների քաղաքական ու տնտեսական կառույցները, այլ ընտրել է զարգացման ինքնուրույն ուղի` կապված սեփական պատմության ու ավանդույթների հետ: Ըստ նրա` այդ ամենի հիմքում Կոնֆուցիուսի` շրջապատող աշխարհի եւ միմյանց հանդեպ «մեծ սիրո» գաղափարախոսությունն է, ներդաշնակ ու բնականոն ապրելու ուսմունքը:

Չինացի խորհրդարանականները, փորձի փոխանակության լավագույն ձեւ համարելով անմիջական շփումն ու ծանոթությունը, իրենց երկրի տնտեսական ու քաղաքական կառույցների մասին իրական պատկերացում կազմելու համար հայ խորհրդարանականներին առաջարկեցին այցելել Չինաստան: