Տպել
11.10.2006
Արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությամբ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ իրավական հարցերի տնօրինության ղեկավար Գի դե Վելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽԽՎ-ում  Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իրազեկեց այն փոփոխությունների մասին, որ կատարվել են օրենսդրական դաշտում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո` նշվեց վարչական կալանքի վերացման, որ կատարվել է Սահմանադրության մակարդակով, Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության եւ ՍԴ դիմողների շրջանակի ընդլայնման, դատական համակարգին առնչվող օրենքների մասին: Զուգահեռաբար օրենքների ընդունումը եւ դրանց փորձագիտական եզրակացության ուղարկվելը հիմնավորվեց ժամկետային խնդիրներով, քանի որ առաջիկա համապետական ընտրություններով պայմանավորված` Ազգային ժողովը առավել արդյունավետ կարող է աշխատել մինչեւ տարեվերջ, իսկ 2007-ի գարնանային նստաշրջանն արդեն համընկնում է խորհրդարանական նախընտրական քարոզչության շրջանին:

Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն եւ այդ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնելով ԱԺ նախագահին` ԵԽ իրավական հարցերի տնօրինության ղեկավար Գի դե Վելը նշեց, որ պարտավորությունների կատարման առումով իսկապես մեծ աշխատանք է կատարվել, Հայաստանի ժողովրդավարական զարգացման առումով կարեւոր օրենքներ են ընդունվել, որոնք արդեն տրվել են փորձագիտական եզրակացության: Երկուստեք կարեւորվեցին դատական համակարգի բարեփոխումները եւ դատական օրենսգրքի ընդունումը, որը դատական համակարգի բարեփոխումների առանցքում գտնվող փաստաթուղթն է լինելու: Պարոն Գի դե Վելը գոհունակությամբ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի ԵԽՎենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումներին: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց Ընտրական օրենսգրքի ընդունումը մինչեւ տարեվերջ առաջին եւ երկրորդ ընթերցումներով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ շրջանառության մեջ գտնվող օրինագծերին առնչվող հարցեր` մասնավորապես հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրինագծին: Նշելով այդ օրինագծի ընդունման կարեւորությունը Սահմանադրության փոփոխությունների շրջագծում` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ համապատասխան օրինագիծ խորհրդարանը կձգտի ընդունել: Քննարկվեցին նաեւ Երեւանի մասին օրինագծին եւ փոխադեարձ կարեւորություն ունեցող այլ խնդիրներին առնչվող հարցեր: