Տպել
02.10.2006
Լատվիայի Հանրապետության դեսպանը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լատվիական միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ երկու երկրների միջխորհրդարանական լավ հարաբերությունները զարգացման դեռ չօգտագործված հնարավորություններ ունեն: Նշվեց, որ Հայաստանը եվրաինտեգրումը ռազմավարական նպատակ է հռչակել եւ ԵՄ անդամակցության ճանապարհին կուտակված մերձբալթյան ու հատկապես լատվիական փորձը` նկատի առնելով նաեւ, որ Մերձբալթյան հանրապետությունները նախկին խորհրդային երկրներ են, թե օրենսդրական, թե փաստաթղթային առումով, շատ արդյունավետ կարող է լինել: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց եւ միջազգային կառույցներում համագործակցությունը. ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը օրինակ բերեց ԵԽԽՎ-ում մերձբալթյան երկրների պատվիրակությունների հետ արդյունավետ աշխատանքը:

Անդրադառնալով Եվրամիության նոր հարեւանության ծրագրին, որի շրջանակներում օրերս նախատեսվում է Հայաստանի հետ պայմանագրի ստորագրում, Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսը նշեց, որ դա նոր հնարավորություններ կստեղծի համատեղ ծրագրերի իրականացման համար: Նա ԱԺ նախագահին իրազեկեց Լատվիայի այս շաբաթ կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, նշելով, որ ըստ վարկանիշային հարցումների, մեծ փոփոխություններ չեն ակնկալվում: Դեսպանը հավաստիացրեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո եւս Լատվիայի խորհրդարանում կստեղծվի Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որը միջխորհրդարանական համագործակցության կարեւոր օղակ է եղել այս տարիներին` հանդիպումների, քննարկումների առումով: Նա վերահաստատեց ԱԺ նախագահի պաշտոնական այցի հրավերը Լատվիա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: