Տպել
20.09.2006
Նիդեռլանդների Թագավորության դեսպանը Ազգային ժողովում

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կարեւորելով Նիդեռլանդների Թագավորության հետ միջպետական հարաբերությունները`  Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը եվրաինտեգրումը հռչակել է առաջնահերթ ուղղություն միջազգային հարաբերություններում եւ այդ շրջագծում Նիդեռլանդների Թագավորության փորձն ու հնարավորությունները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի համար:

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսը նշեց, որ իր երկրի համար Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում եւ երբ հոկտեմբերին Եվրամիության հետ գործակցության ծրագիրը ստորագրվի, համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի նոր հնարավորություններ կբացվեն արդեն Եվրամիության շրջանակներում: Պարոն դեսպանն իրազեկեց, որ նոյեմբերին խորհրդարանական ընտրություններ են լինելու Նիդեռլանդներում եւ ինքը պատրաստակամ է ընտրություններից հետո հնարավորն անել փոխայցերի կազմակերպման եւ միջխորհրդարանական կապերի խորացման նպատակով:

Դեսպանի խնդրանքով անդրադառնալով տարածաշրջանային հարաբերություններին եւ մասնավորապես էներգակիրների խնդրին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ  Հայաստանը պատրաստ է բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալուն` առանց նախապայմանների, բայց, ցավոք, նրանցից երկուսը դրան պատրաստ չեն. մասնավորապես Ադրբեջանը որդեգրել է հայատյացության խորացման քարոզչություն, ինչը չի համապատասխանում ԵԽԽՎ անդամ երկրի ստանձնած պարտավորություններին եւ բոլորովին չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարմանը, քանզի ակնհայտ է, որ հարցի լուծման բանալին նավթադոլարները չեն տալիս: Պատահական չէ, որ ԵՄ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացման եւ բացահայտ ռազմատենչ քաղաքականության առիթով: Մինչդեռ, օրինակ, Իրանի հետ հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի պայմաններում: Նշվեց, որ ԻԻՀ մեջլիսի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել է նաեւ ԻԻՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ երկրորդ գազատարի շինարարության հարցը`  որպես էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություն: Պարոն Էլդերենբոսը  եւս կարեւորեց տարածաշրջանում էներգետիկ անկախության հաստատումը` խաղաղության ու կայունության խորացման առումով:

Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանում 2007-ի խորհրդարանական ընտրություններին. կարեւորվեց դրանց անցկացումը միջազգային չափանիշներին համապատասխանությամբ: Աժ նախագահը նշեց, որ սահմանադրության բարեփոխոխման հանրաքվեից հետո խորհրդարանը ձեռնամուխ է եղել օրենքների փոփոխություններին ու նոր օրենքների ընդունմանը` օրենսդրական դաշտը սահմանադրության հետ ներդաշնակեցնելու նպատակով, առաջիկայում կընդունվի նաեւ Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նշվեց, որ ընտրություններին դիտորդական առաքելությամբ կմասնակցեն ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւմիջազգային  այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, իսկ ընտրությունների անցկացումը եվրոպական չափանիշներին լիովին համապատասխան հնարավոր կդարձնի ԵԽ-ում Հայաստանի մոնիտորինգի դադարեցումը, քանի որ գործնականում բոլոր կոնվենցիաները վավերացված են եւ օրենքները այդ ժամանակ ընդունված կլինեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


20.09.2006
ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ եւ  անկախության վերահաստատման գործում ունեցած զգալի ավանդի համար  ՀՀ ԱԺ պատգամավոր Վազգեն Ղուկասի Կարախանյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:...