Տպել
01.09.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության մանկավարժներին, ուսանողներին եւ դպրոցականներին` Գիտելիքի օրվա առիթով.

«Գիտելիքի օրը մեր տոնացույցի ամենապայծառ տոներից մեկն է, որն ամեն սեպտեմբերի 1-ին հազարավոր մանուկների ու երիտասարդների առաջ բացում է դեպի երազանքների իրականացում տանող դուռը: Այն հավասարապես սիրելի է բոլորի համար` անկախ տարիքից, պաշտոնից ու մասնագիտությունից, քանզի յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում մի քանի անգամ առիթ է ունենում այդ դուռը բացելու եւ ճանապարհն անցնելու համար: Ճանապարհ, որից է կախված ոչ միայն յուրաքանչյուրի անձնական, այլեւ հավաքական իղձերի իրականացումը:

Անշուշտ, մենք դեռ զգալի անելիքներ ունենք մեր կրթական համակարգի բարեփոխումների ուղղությամբ, որպեսզի ստեղծենք բարձրակարգ ուսման համար անհրաժեշտ լիարժեք պայմաններ, սակայն վստահ եմ, որ ժամանակավոր խնդիրներն ու դժվարությունները ձեզ չեն վանի դեպի կրթությունն ու գիտությունն ունեցած ձեր ձգտումներից:

Նոր ուսումնական տարում ձեզ մաղթում եմ քաջառողջություն, արգասավոր ուսումնական տարի, խոր գիտելիքներ, որոնք լինելու են մեր երկրի ու մեր ժողովրդի գալիք հաջողությունների հիմքը»: