Տպել
20.04.2006
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրոպայի միության եռյակի պատվիրակությանը

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրոպայի միության եռյակի պատվիրակությանը Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Հայաստանում Ավստրիայի, Գերմանիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները, Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի մշակած Գործողությունների ծրագրին, եվրոպական ինտեգրացիայի գործընթացներին, առաջիկա համապետական ընտրություններին,  էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը, Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: ԱԺ նախագահը, կարեւորելով Գործողությունների ծրագրի հնարավորինս արագ մեկնարկը, համոզմունք հայտնեց, որ դրա իրականացումը Հայաստանին ավելի կմոտեցնի Եվրոպայի միությանը եւ Ազգային ժողովի անունից պատրաստակամություն հայտնեց հետեւողականորեն նպաստել ծրագրով ենթադրվող բարեփոխումների իրականացմանը: