Տպել
26.02.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
1 / 11

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել  են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Հանդիպումներ են եղել գիտնականների, պետական բուհերի ռեկտորների հետ: Նախագծի հիմնական դրույթներն անփոփոխ են մնացել, թեեւ կատարվել են որոշ սկզբունքային եւ  խմբագրական փոփոխություններ: Դրանք վերաբերում են բուհերի հավատարմագրման կարգին, բուհերի կառավարման խորհրդին, բուհերի ինքնավարության ավելացմանը, ռեկտորների տարիքին:Նախարարը նշեց, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այդպես էլ  շահագրգիռ կողմերը համաձայնության չեն եկել: Դրանք  ռեկտորների նշանակման, հոգաբարձուների խորհրդի ձեւավորման վերաբերյալ դրույթներն են:

Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը  նշեց, որ առաջարկները հիմնականում վերաբերել են բուհերի ռեկտորներին եւ կառավարման խորհրդին. անտեսված են մնացել որոշ բովանդակային դրույթներ:

Փաթեթը  հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: