Տպել
23.06.2020
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը եւ Գայանե Աբրահամյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
1 / 1
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսը եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է COVID-19-ի ճգնաժամի հետեւանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական եւ այլ ոլորտների բարեփոխումների աջակցմանը:

Հայտարարության մեջ նշված է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերը բարեփոխումների ոլորտում, եւ այս համատեքստում հեղինակները ողջունում են դատաիրավական եւ ոստիկանության համակարգերում բարեփոխումների իրականացման Հայաստանի պատրաստակամությունը` անգամ COVID-19 ճգնաժամով պայմանավորված դժվարին պայմաններում:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունը` աջակցելու Հայաստանին` դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում»:

Պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են, որ Հայաստանի կողմից իրավունքի գերակայության, արդարադատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների հաջող իրականացումը նոր խթաններ կստեղծի եվրոպական ինտեգրման հավակնոտ ուղու եւ հետագա համագործակցության համար:

Անդրադառնալով COVID-19-ի հետեւանքով ստեղծված ճգնաժամին` գործընկերները նշել են, որ Եվրոպական միությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն դոնորը եւ գործընկերը, ճգնաժամի դժվարին իրավիճակում շարունակում է մնալ Հայաստանի կողքին` ամրապնդելով համերաշխությունը եւ միջազգային համագործակցությունը: Այսպես, ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը` 40 միլիոն եվրոյից այն հասցնելով մինչեւ 65 միլիոն եվրոյի, ինչպես նաեւ հանձնառություն է ստանձնել տրամադրել 92 մլն եվրոյի աջակցություն` երկկողմ աջակցության դրամաշնորհների տեսքով: Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով արդեն ապահովվել է մարդասիրական օգնության փաթեթների բաշխումն ավելի քան 3000 անապահով տնային տնտեսությունների Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում: Բացի այդ, 350 դպրոցահասակ երեխաներ հնարավորություն կստանան օգտվելու հեռավար ուսուցման գործիքներից` ապահովելով կրթության հասանելիության իրենց իրավունքի իրացումը:

Ա. Կուբիլիուսը եւ Գ. Աբրահամյանը նշել են, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով համագործակցությունը վերաճում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ռազմավարապես ամրապնդված գործընկերության: Ընդգծելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու եւ Առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը` պատվիրակությունների ղեկավարները հույս են հայտնել, որ առավել սերտ համագործակցության եւ շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը մոտ ապագայում: