Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու եւ ԱՄՆ-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ը պաշտոնական այցով կլինի ԱՄՆ-ում:
Վաշինգտոնյան այցի հովանավորը ԱՄՆ պետքարտուղարությունն է: Այցի ընթացքում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում, պետքարտուղարությունում, Սպիտակ տանը: Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնում տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ամերիկյան փորձագետների հետ:
Վաշինգտոնում կլինեն հանդիպումներ ԱՄՆ-ի Կոնգրեսի նախագահ Դ. Հաստրեթի, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալներ Փ. Դոբրյանսկու, Դ. Ֆրիդի, Եվրոպայի եւ Ասիայի գրասենյակի տնօրեն Հ. Հաֆուդի, ժողովրդավարական ծրագրերի տնօրեն Դ. Էդֆուդի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Ջ. Ֆոկսի, ԱՄՆ-ի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, կոնգրեսականների ու սենատորների հետ:
Նյու Յորքում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթաժողովին, նախատեսված են նաեւ պաշտոնական հանդիպումներ այլ երկրների խորհրդարանների նախագահների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում կլինեն նաեւ այլ հանդիպումներ, այդ թվում` հայ համայնքի հետ, նախատեսված են հարցազրույցներ ամերիկյան լրատվամիջոցներին: