National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.4.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
30.04.2020
Քննարկվել են առողջապահության եւ սոցիալական ոլորտներին առնչվող նախագծեր
1 / 12

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ ապրիլի 30-ին քննարկել է «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի, 15 հոդվածից բաղկացած համաձայնագիրը ստորագրվել է 2008թ-ի նոյեմբերին: Փաստաթղթի նպատակն է բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը: Համաձայնագրի Կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարախտով հիվանդացության դեմ պայքարի եւ կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում, ինչպես նաեւ պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել ԱՊՀ անդամ պետությունների` շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի (վերապահումով) կառավարությունները: Կողմերը  կհամագործակցեն շաքարախտի եւ դրա բարդությունների բուժման նոր մեթոդների մշակման եւ ներդրման, շաքարախտի կանխարգելման, ինչպես նաեւ հիվանդությամբ տառապող քաղաքացիների սոցիալական եւ բժշկական վերականգնման բնագավառներում: Փոխնախարարը նաեւ կարեւորել է նմանօրինակ հիվանդությունների դեմ պայքարում միջազգային համագործակցությունը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին` ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

2020 թվականի մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակը: Ներկա դրությամբ  ՀՀ-ում ապրում են 276 վետերաններ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայրենական պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի 100 հազար դրամի չափը կրկնապատկել` սահմանելով 200 հազար դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, մշտական հանձնաժողովի նախագահն ու ելույթ ունեցած հանձնաժողովականները կարեւորել են Հայրենական պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների համակողմանի լուծումը պետական մակարդակով, սակայն ընդունելի չեն համարել օրենքի ուժով պատվովճարների սահմանումը, քանի որ նմանօրինակ նախադեպ գոյություն չունի: Փոխնախարարը տեղեկացրել է, որ մայիսի 9-ի կապակցությամբ բոլոր վետերանները կստանան 300 հազար դրամ միանվագ պատվովճար: Նա նաեւ նշել է, որ վետերաններն օգտվում են տարբեր սոցիալական ծրագրերից եւ գտնվում են պետության մշտական հոգացության ներքո:

Օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է 1996 թվականի մարտին ընդունված գործող օրենքը շարադրել նոր խմբագրությամբ: Օրենսդրական փաթեթով  կարգավորվում են մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հարցերի, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Ներառվել են մի շարք նոր հասկացություններ: Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում` առողջապահական բնագավառում լիցենզիայի պայմանների եւ պահանջների նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները` օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից չորս տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:

Փոփոխությունների փաթեթը նաեւ իրավական հիմքեր եւ անհրաժեշտ կարգավորումներ է պարունակում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման եւ աշխատանքի համար, նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը եւ հավելել, որ առաջարկվող մյուս փոփոխություններն արտակարգ իրավիճակներից, ռազմական կամ ահաբեկչական գործողություններից տուժած անձանց կողմից բժշկական օգնություն ստանալու առանձնահատկությունների օրենսդրական կարգավորում են ենթադրում, ինչպես նաեւ սահմանում են պարտադիր դատաբժշկական փորձաքննության անցկացման դեպքերն ու ձեւերը:

Առաջին ընթերցումից հետո ներկայացվել էին մի շարք առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել էր: Քննարկման ընթացքում բարեփոխվել են մի քանի առանցքային հոդվածներ, կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Հովիկ Աղազարյանի, Միքայել Մելքումյանի հեղինակած  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի» օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am