Տպել
30.03.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 1

Մարտի 30-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումից հետո փոփոխվել է:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` օրենքների նախագծերի փաթեթով թույլատրվելու է օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից` պարզելու կորոնավիրուսով վարակված անձանց, ինչպես նաեւ նրանց հետ հեռախոսային շփում ունեցած անձանց շրջանակը, զանգերի քանակը եւ գտնվելու վայրը:

Փոխնախարարի խոսքով` անձնական տվյալներին միջամտությունները կրելու են ժամանակավոր բնույթ: Արգելվում է հեռախոսազրույցի կամ հաղորդագրության բովանդակությանը ծանոթանալը կամ այն այլ նպատակներով օգտագործելը: Հեռախոսների եւ հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում ոչնչացվելու է:

Պատգամավորները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունվել են հեղինակի կողմից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջարկներով լրամշակված օրենսդրական փաթեթին: