Տպել
27.03.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

Մարտի 27-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Հարցը քննարկվել է հանձնաժողովի գործունեությանն առնչվող ոլորտների մասով:

Ըստ նախարարի` կոռուպցիայի կանխարգելման նպատակով Կառավարությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման եւ նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման վերաբերյալ: Կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության ուղղություններից է եղել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործիքակազմերի ստեղծումը: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ մշակվել եւ 2020 թվականին խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը:

Նշվել է, որ Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունն ըստ արժանվույն գնահատվել է ինչպես Հայաստանի հանրության, այնպես էլ միջազգային կառույցների կողմից. «Transparency International»-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում, կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 7-ով:

Նախարարը խոսել է գործարար միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ բնագավառներում իրականացված քայլերի մասին:

Հիմնական զեկուցողը նշել է, որ «Freedom House»-ի «Համացանցի ազատության մասին 2019թ.» զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 5 հորիզոնականով` դասվելով «ազատ» երկրների շարքին, իսկ նույն կազմակերպության` «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավվել են 6 միավորով:

Ըստ զեկույցի` կարելի է արձանագրել, որ էական եւ որոշիչ քայլեր են կատարվել թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում եւ թե՛ դատաիրավական, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում հավասարություն ապահովելու տեսանկյունից:

Ռուստամ Բադասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են քրեակատարողական հիմնարկներում զբաղվածության կազմակերպմանն առնչվող ծրագրերին, գործընթացների թվայնացմանը, հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, որոշ պետական մարմինններ մարզերում տեղակայելու հավանականությանը:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: