Տպել
27.06.2005
Կարեւորվեց խորհրդարանի դերը ժողովրդավարության խորացման գործընթացում

Հունիսի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրախորհրդի նախարարների շրջանակներում գործող վերահսկման Ագոյի խմբի պատվիրակությանը` Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին` կողմերը նշեցին, որ երկարատեւ քննարկումների արդյունքում գտնվել են բոլոր դժվարին հարցերի պատասխանները: Պարոն Վեգեները կարեւորեց սահմանված ժամանակացույցով նախագծի ընդունումը երկրորդ ընթերցմամբ եւ պատշաճ քարոզչության իրականացումը: Նրա կարծիքով` սահմանադրական բարեփոխումների քննարկումներում ձեռքբերված կարեւոր արդյունքներից մեկն էլ ընդդիմության մասնակցության համաձայնությունն է հետագա քննարկումներին եւ լիարժեք վերադարձը խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, որի շուրջ արդեն իսկ եղել է իրենց համաձայնությունը:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը սահմանադրական բարեփոխումների առնչությամբ նշեց, որ Հայաստանը, որդեգրելով ժողովրդավարության խորացման եւ եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ստեղծման անհրաժեշտությունը, վ երջին մեկ տարում լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Այդ քայլերից էին Ընտրական օրենսգրքի, «Ժողովների, հանրահավաքների, երթերի ու միտինգների անցկացման կարգի մասին» օրենքի նախագծի ընդունումը եւ հատկապես սահմանադրական բարեփոխումները, որոնք Հայաստանում կարեւորվում են ժողովրդավարության խորացման առումով: «Ժողովրդավարությունն ավելի շատ օրենք է, քան բացառություն: Եվպետք է սկսել երկրի Հիմնական օրենքից»,- նշեց Արթուր Բաղդասարյանը: Խորհրդարանի նախագահը բարեփոխումների անցկացման ընթացքում կարեւորեց համակողմանի քարոզչությունը եւ հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը, որը կապահովի հանրաքվեի դրվող նախագծի ընդունումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ եղավ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը խորհրդարանական վեհաժողովի վերածվելու համաձայնագրին, որի կենսագործումը նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանի զարգացման համար: