Տպել
10.06.2005
Քննարկումների առանցքում` հայ-լիտվական հարաբերությունները

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ:

Աժ նախագահը Լիտվայի խորհրդարանի նախագահին իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող օրենդրական բարեփոխումների մասին, նշելով, որ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ճանապարհը եւ կարեւորում է եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն ունենալը: Այդ առումով կարեւորվեց լիտվական փորձի ուսումնասիրումը` իբրեւ Եվրամիությանը նոր անդամակցած երկիր, որի հետ, իբրեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, պատմական, տնտեսական ու մշակութային ընդհանրություններ կան: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությանը. Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը կողմնակից է իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններին ու համագործակցությանը, ավելին` հանդես է գալիս Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը խորհրդարանական վեհաժողովի վերաճելու օգտին, որը կդառնա լավ ամբիոն` եռակողմ քննարկումների համար: Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ Մերձբալթյան հանրապետությունների եւ Հարավկովկասյան հանրապետությունների` 3+3 ձեւաչափով համագործակցությանը, որը փորձի փոխանակման ու զարգացման առումով հեռանկարային ու արդյունավետ գնահատվեց:

Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասը իր այցի նպատակը համարեց տեղում իրավիճակին ծանոթանալով` հարաբերությունների զարգացումը: Նա եւս կարեւորեց երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը ու հատկապես եվրաինտեգրման լիտվական փորձը, որ ամփոփվել է չորս տարում շուրջ 1000 օրենքների ընդունումով, Հայաստանին փոխանցելը,  որը կարող է նպաստել ուրիշների սխալները հաշվի առնելով սեփական սխալներից խուսափելուն: Պարոն Պաուլաուսկասը նշեց, որ արդեն 2007 թ. Լիտվան պատրաստ է անցնել եվրոյի եւ դա համարվում է տնտեսական զարգացման լավ ցուցանիշ, որին ԵՄ-ին անդամակցած ոչ բոլոր երկրներն են հասել:

Հանդիպման ընթացքում լիակատար փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին միջխորհրդարանական կապերի խորացման, ռեգիոնալ համագործակցության` խորհրդարանների հովանու ներքո քաղաքների եւ շրջանների միջեւ բարեկամական կապերի հաստատման ու կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները,  տնտեսական, գիտական-մշակութային կապերի զարգացումը: Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասը Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին պաշտոնական այցով հրավիրեց Լիտվա: