Տպել
02.06.2005
Որպեսզի ընդունվի հնարավորինս կատարյալ Սահմանադրություն

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Պարոն Ջովաննի Բուքիքիոն նշեց, որ 2000 թվականից Հայաստանը սահմանադրական բարեփոխումների գործընթացում է եւ այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է կատարվել, այնուհանդերձ իրական ժողովրդավարության հաստատման եւ միջազգային չափանիշներին համապատասխան հիմնական օրենք ունենալու համար կարեւոր են իշխանության հավասարակշռման սկզբունքները, ինչպես նաեւ` ոչ միայն հնարավորինս կատարյալ օրենսդրության առկայությունը, այլեւ ժողովրդավարական մթնոլորտը երկրում եւ երաշխիքները, որ ընդունված օրենքները կգործեն:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ժողովրդավարության հաստատման գործընթացներում կարեւորելով համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ, նշեց, որ նախապես շրջանառվող եւ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը որակական տարբերություններ ունեն, այնուհանդերձ կան մշակման ենթակա խնդիրներ` այդ թվում` դատական իշխանության անկախության, Երեւանի քաղաքապետի ընտրության, իշխանության իրավասությունների տարանջատման հարցերում:

Հավարտ հանդիպման պայմանավորվածություն ձեռքբերվեց մինչեւ հունիսի վերջը եւս մեկ անգամ վերանայված տարբերակը համատեղ քննարկել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, ապա լրամշակված տարբերակը հրավիրվելիք արտահերթ նստաշրջանում ընդունել երկրորդ ընթերցմամբ: Հանրաքվեն այդ դեպքում կկայանա հոկտեմբերին:

Իր գոհունակությունը հայտնելով հանդիպումից` պարոն Բուքիքիոն Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին հավաստեց Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը եւ համատեղ աշխատանքի մշտական պատրաստակամությունը: