Տպել
26.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է մեր երկրում Կուբայի դեսպանին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է  Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Պեւիդա Պուպոյին:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի  հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Արարատ Միրզոյանը, նշելով, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի բավականին ակտիվ հարաբերություններ, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Կուբայի հետ փոխգործակցությունը եւս կհասնի բարձր մակարդակի:

Երկկողմ կապերի զարգացման գործում արժեւորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝  օրենսդիր մարմնի ղեկավարը  նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է  Հայաստան-Կուբա բարեկամական խումբը:  Կարեւորելով միջազգային հարթակներում փոխգործակցության ակտիվացումը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ  առկա է չօգտագործված զգալի ներուժ:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կուբայի իշխանություններին 1988 թ.  երկրաշարժի  դժվարին օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու համար:

Էմիլիո Պեւիդա Պուպոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը նպաստելու երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին,  կարեւորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես գիտակրթական  եւ  զբոսաշրջության ոլորտներում:  Կողմերը փաստել  են, որ  չնայած երկու երկրների միջեւ հեռավորությանը՝ առկա են բոլոր նախադրյալները  երկկողմ հարաբերությունների հետագա  զարգացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Կուբայի  Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին: