Տպել
22.04.2005
Հայերը պետք է կարողանան իննսուն օր առանց վիզայի գտնվել Ռուսաստանում

       Այս կարծիքի են ՀՀ ԱԺ նախագահը եւ ՌԴ Պետդումայի փոխնախագահը

Ապրիլի 22-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Գեորգի Բոոսին:

ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալը ԱԺ նախագահին հանձնեց ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի ցավակցական ուղերձը 1915 թ. հայերի ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ:

Պարոն Բաղդասարյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը,  ինչը խոսում է սերունդների առջեւ մարդկության պատասխանատվության գիտակցման եւ աշխարհում  հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացման մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններին, ՀՀ ԱԺ նախագահի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցեր:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկով քննարկվեցին ռուսաստանաբնակ հայերի իրավական  կարգավիճակի հարցը օրենսդրական կամ իրավապայմանագրային դաշտում կարգավորելու հնարավորությունները, որի արդյունքում հայերը կարող են երեք օրվա փոխարեն իննսուն օր առանց վիզայի բնակվել Ռուսաստանում : Պարոն Բոոսն առաջարկեց հարցը կարգավորել իրավապայմանագրային դաշտում: Կողմերը կարեւորեցին «Գույք պարտքի դիմաց»  համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների վերագործարկումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: