Տպել
13.04.2005
Կվերագործարկվի աբխազական երկաթուղին, անխափան կաշխատի Կովկաս- Փոթի լաստային փոխանցուղին

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Պետական Դումայում հանդիպեց Պետական Դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների պատգամավորները համակողմանիորեն անդրադարձան հայ-ռուսական միջպետական ու միջխորհրդարանական խնդիրներին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Պետական Դումայի մեծ դերը ռուսաստանաբնակ հայերի իրավական կարգավիճակի հարցը լուծելիս, մասնավորապես նրանց իննսունօրյա առանց վիզայի բնակության իրավունք տալու, որը կարող է արտահայտվել կամ օրենքի ընդունումով, կամ պայմանագրի ստորագրությամբ: Քննարկվեց նաեւ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի կատարման ընթացքը եւ հինգ ձեռնարկությունների հնարավորինս արագ վերագործարկման խնդիրը, որը արդեն տնտեսականից բացի ձեռք է բերում նաեւ քաղաքական կարեւորություն: Համակողմանի քննարկվեց նաեւ  երկաթուղու վերագործարկման խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շահագրգիռ երկրների խորհրդարանների մասնակցությամբ քննարկում կազմակերպել երկաթուղու վերագործարկման խնդրով, որը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի ու Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում:

Պետական Դումայի պատգամավորներին հետաքրքրում էր հայկական զորախումբ Իրաք ուղարկելու վերաբերյալ ԱԺ նախագահի կարծիքը, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը միացել է հակաահաբեկչական կոալիցիային եւ Իրաք է գործուղել իր մասնագետներին` հումանիտար առաքելությամբ: Ելնելով խնդրի կարեւորությունից` Հայաստանը չէր կարող ընդառաջ չգնալ ԱՄՆ-ին, որ ավելի քան միլիարդ դոլարի աջակցություն է ցույց տվել Հայաստանին անկախացումից ի վեր: Այնպես որ խնդիրն ուներ թե քաղաքական, թե տնտեսական նշանակություն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ԱՊՀ հետագա ճակատագրի, երկու երկրների միջեւ գիտա-կրթական, մշակութային համագործակցության շրջանակներում կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՌԴ տրանսպորտի նախարար,  Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ հանդիպման ժամանակ պարոն Լեւիտինը նշեց, որ Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովը արդյունավետ աշխատում է: Նշվեց, որ աշխատանքներ են ձեռնարկվում Հրազդանի ջէկ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման համար, քայլեր են արվել «Մարս» գործարանի վերագործարկման եւ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի կատարման համար:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում անդրադարձավ Կովկաս- Փոթի լաստային փոխանցուղու հետագա աշխատանքների խնդրին, որը հատուկ կարեւորություն ունի Հայաստանի համար: Նշվեց նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման անհրաժեշտության մասին, որի աշխատանքը տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունի: Պարոն Լեւիտինը ասաց, որ ապրիլի տասնհինգին Կրասնոդարում ոլորտի մասնագետների հետ հանդիպում ունի, որի ընթացքում քննարկվելու են նշված երկու խնդիրները, կարեւորը, որ հարցի իրավաբանական կողմն ապահովված է, մնում է կարգավորել տեխնիկատնտեսական հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկով` կողմերն անդրադարձան նաեւ ռուսաստանաբնակ հայերի իրավական կարգավիճակի որոշարկման ու իննսուն օրով անվիզա բնակություն ապահովման հարցին, որը պահանջում է իրավական լուծումներ: