Տպել
05.04.2005
Բացահայտել հայ ադամանդագործության ամբողջ ներուժը

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ նորին գերազանցություն պրն. Հերման Դե Կրոոյի մասնակցությամբապրիլի 5-ին խորհրդարանում կազմակերպվելէր հանդիպում բելգիացի խորհրդարանականների եւ հայ ադամանդագործների միջեւ:

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության մեջ զգալի տեղ է զբաղեցնում ադամանդագործության ոլորտը: Բելգիան հայտնի է այս ոլորտում ունեցած ձեռքբերումներով եւ աշխարհում զբաղեցրած առաջավոր տեղով: Բելգիական հանրահայտ Անտվերպեն քաղաքումադամանդագործության ոլորտում շրջանառությունը կազմում էտարեկան 35-40 մլրդ. դոլար: Հանդիպման ընթացքում Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը, փաստելով, որ Հայաստանը այս բնագավառում զարգանալու մեծ ներուժ ունի, խոսեց համագործակցությունն ակտիվացնելու եւ ներկրման-արտահանման ծավալները մեծացնելուանհրաժեշտության մասին:

Հայաստանում վերջին 13 տարիներին է, որ բիզնեսի այս տեսակը որակականնոր եւ ակտիվ փուլ է մտ ել, թեեւ շուրջ 40 տարի է` հայերն զբաղվում են այս գործով, ասում են ադամանդագործության բնագավառում գործունեություն իրականացնող հայ գործարարները: Եւ այդ տարիների ընթացքում Բելգայի Թագավորությունը Հայաստանի համար հանդիսացել է հիմնական գործընկերներից մեկը, այդ մասին են վկայում նաեւ համատեղ ստեղծված հայ-բելգիական ադամանդագործական ընկերությունները:

Հանդիպման ընթացքում խոսվեց Հայաստանի ադամանդագործության առանձնահատկությունների մասին: Որպես այդպիսին նշվեց հայ ադամնադագործների բարձր որակավորումը, թեեւ աշխատուժն այստեղ անհամեմատ էժան է, քան այլ երկրներում: Այդ իսկ պատճառով Հայաստանում առավել կիրառելի է «վերադարձման» սկզբունքով աշխատաձեւը, երբ հումքը ներկրվում է, վերամշակվում եւ կրկին արտահանվում: Բացի այդ, ինչպես նշեցին հայ գործարարները, մեր հարկային եւ մաքսային օրենսդրությամբ հումքի թե ներկրման, թե արտահանման համար գանձվող գումարները մեծ չեն, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում տնտեսական գործունեության այդ տեսակի համար: Նաեւ, ներկայացնելով բարձրորակ արտադրանք, հայ ադամանդագործներն արդեն իսկ աշխարհում վայելում են մեծ վստահություն: «Անդրանիկ» ընկերության նախագահ Վլադիսլավ Թովմասյանը հանդիպման ընթացքում հանդես եկավ բելգիացի մասնագետներից կազմված պատվիրակության այց Հայաստան կազմակերպելու առաջարկությամբ, որպեսզի տեղում ուսումնասիրեն հայկական ադամանդագործության շուկան: Գործարարը համոզված է այդօրինակայցի արդյունավետության մեջ: Այս առաջարկը պաշտպանեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ իր բելգիացի գործընկերոջը կոչ արեց աջակցել այն իրագործելու հարցում:Պետք է խթանել, որ հանդիպումները շարունակական լինեն եւ շփումներն ակտիվանան, ասում է ԱԺ նախագահը: Նրա խոսքերով, այդպես հնարավոր կլինի բացահայտել հայկական ադամանդագործության ողջ ներուժը: Իսկ Հայաստանում ադամանդագործության բնագավառում լավ հիմքեր ու ավանդույթներ են ձեւավորվել դեռ ԽՍՀՄ տարիներից, ասում է խորհրդարանի ղեկավարը:

Բելգիացի բարձրաստիճան հյուրը նշեց, որ հայ գործարարների համագործակցության ցանկությունը, ինչպես նաեւ բարենպաստ օրենսդրական դաշտը լավ նախադրյալներ են ստեղծում համատեղ ծրագրեր իրագործելու եւ ադամանդագործությունը Հայաստանի տնտեսության առաջավոր ճյուղերից մեկը դարձնելու համար:

«Զարգանալու տեղ իհարկե դեռ ունենք», ասում են հայ ադամանդագործները, հատկապես որ հայկական ոչ մի ընկերություն ներկայացված չէ դեռեւս համաշխարհային ճանաչում ունեցող«Դե Բիրս» ընկերությունում: