Տպել
23.02.2005
Հանդիպումներ Վիեննայում

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր ԲաղդասարյանըՎիեննայում հանդիպեց Վիեննայի երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Էրիկա Շտուբենֆոլի հետ, որ նաեւ սոցիալական ու տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ, որ ընդգրկում էր սոցիալական եւ մշակութային համագործակցությունը: Մասնավորապես պայմանավորվածություններ ձեռքբերվեցին հաշմանդամների ուսուցման ու վերապատրաստման համատեղ ծրագրերի անցկացման, Հայաստանում մշակութային փոխհարաբերությունների շրջանակներում երկու հազար վեցին Մոցարտի տարի անցկացնելու եւ այլ խնդիրների շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Հայաստանից այդ բնագավառների ավստրիական փորձը ուսումնասիրելու համար, որին արդեն կհետեւեն համատեղ ծրագրերը:

Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ Հերբերտ Մանգլի հետ քննարկման առանցքում երկու երկրների գիտությունների ակադեմիաների ու գիտնականների միջեւ կապերի հաստատման խնդիրներն էին: Նշվեցին գիտության այլ ոլորտները, որտեղ համագործակցության առավել մեծ հնարավորություններ կան: Պարոն Մանգլը հանգամանորեն ներկայացրեց ավստրիական գիտության զարգացման առաջնահերթությունները եւ այն ինստիտուտները, որ ներառված են գիտությունների ակադեմիայի համակարգում: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց Ավստրիայի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման, համակարգերում ընդգրկված ինստիտուտների համագործակության շուրջ, նաեւ` երիտասարդ հայ գիտնականների`  Ավստրիայում կատարելագործման հնարավորությունների տրամադրման շուրջ: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարոն Մանգլին փոխանցեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի ուղերձը եւ հրավերը Հայաստան, պարոն Մանգլը սիրով ընդունեց հրավերը եւ խոստացավ սեպտեմբերին այցելել Հայաստան, մինչ այդ կնախապատրաստվի համաձայնագիրը:

Ավստրիայի Տնտեսության եւ աշխատանքի նախարարության Կենտրոնական եւ արեւելաեվրոպական, ԵՄ ընդարձակման հարցերով բաժանմունքի տնօրեն, հայ-ավստրիական տնտեսական խառը հանձնաժողովի համանախագահ Յոհան Սաքսի հետ հանդիպմանը մասնակցում էին Ավստրիայի առեւտրական պալատի եւ տնտեսության զարգացմանն օժանդակող ինստիտուտի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրիական առեւտրատնտեսական, գիտամշակութային ու կրթական, իրավապայմանագրային հարաբերությունները: Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ Ավստրիայի տնտեսական բոլոր նախարարությունների ներկայացուցիչները նշեցին փոխհարաբերությունների առկա վիճակը եւ հնարավոր զարգացումները:

Ամփոփելով հանդիպումը`  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց ձեռք բերված պայմանավորվածությունները` նախ առաջիկա երեք ամսում պատվիրակություն կայցելի Ավստրիա` կազմված արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարարությունից եւ պատգամավորներից, պատվիրակության խնդիրը կլինի մանրամասն ուսումնասիրել վիճակը եւ որոշակի ոլորտների համագործակցության ռեալ ծրագրեր կազմել: Ավստրիայի համապատասխան նախարարությանը կուղարկվի զոսաշրջության զարգացման Հայաստանի հայեցակարգը եւ ըստ այդմ` կորոշարկվեն զբոսաշրջության այն ձեւերը եւ տեսակները, որտեղ ավստրիկան փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Մինչեւ սեպտեմբեր փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագիր կներկայացվի Ավստրիայի աշխատանքի եւ տնտեսության նախարարությանը, այդ շրջանակներում Հայաստանում կկազմակերպվի բիզնես-ֆորում` համագործակցության որոշակի ուղղությունների շուրջ: Երկու հազար վեցին Ավստրիայում կկազմակերպվի Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի շաբաթ:  Կքննարկվի Հայաստանում ավստրիական մասնագիտական ուսուցման կենտրոնի բացման հարցը: Կշարունակվեն փոքր ու միջին ձեռներեցության խթանման ավստրիական ծրագրեր Հայաստանում: Ավստրիայի առեւտրի պալատի նախագահի հետ կքննարկվի Հայաստանում Ավստրիայի տեղեկատվական կենտրոնի գործառնությունների ընդլայնումը: Այլընտրանքայնի էներգետիկ հզորությունների ավստրիական, աշխարհում առաջնակարգ, փորձի ուսումանսիրման ու Հայաստանում ներդրման նպատակով հայ էներգետիկների պատվիրակության կայցելի Ավստրիա: Եվս մի ծրագրով գյուղատնտեսության բնագավառի ավստրիկական փորձը կներդրվի Հայաստանում: Ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյաները նշում էին իրենց երկրի Հայաստանի հետ  առեւտրատնտեսական ու գիտամշակութային փոխհարաբերությունների ընդլայնման ցանկությունը եւ Հայաստանից համարժեք արձագանքի դեպքում պատրաստակամություն էին հայտնում այդ ծրագրերի իրականացման համար: հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ իրավապայմանագրային հաաբերությունների առկայությունը եւ գործող օրենքների կենսագործումը:

Պատվիրակության հանդիպումները Վիեննայում կշարունակվեն փետրվարի 24-ին: