Տպել
30.01.2018
«ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք կողմնակից ենք կայուն համագործակցության՝ հանուն կայուն զարգացման». Արմեն Աշոտյան
1 / 3

Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալայի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` համոզմունք հայտնելով, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնման համար՝ ապահովելով կայուն զարգացման եւ գործընկերության առավել ամուր հիմք:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Եվրանեսթ ԽՎ-ում, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում առավել ակտիվ եւ կառուցողական համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական գործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությանը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակի պահպանման հետ կապված ջանքերը: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում:

Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ Լասլո Տոկեշի հետ, ով ԵԽ-ում Հայաստանի մասին զեկույցի համազեկուցողն է: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի քաղաքական կյանքի վերջին զարգացումները, անդրադարձել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման եւ ազգային խորհրդարաններում դրա վավերացման դյուրին գործընթացի կարեւորությանը:

Այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Ռեբեքա Հարմսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արեւելյան գործընկերության ձեւաչափին առնչվող բազմաթիվ հարցեր, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման գործում կարեւորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների դերը:

Արմեն Աշոտյանը Ռեբեքա Հարմսին հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան՝ մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումին:

Արմեն Աշոտյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում շարունակվում են:



15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...