Տպել
15.11.2017
ՀՀ Ազգային ժողովի նիստում սկսվել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Խորհրդարանը շարունակել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նախարարը ներկայացրել է գալիք տարում իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականությունն ու բյուջեի նախագծի գաղափարախոսությունը, ակնկալվող եկամուտները, ծախսային ծրագրերն ու պակասուրդը: Նախարարի խոսքով՝ 2018 թվականին ակնկալվում է գրանցել առնվազն 4,5 տոկոս տնտեսական աճ: Որոշակի աճ է արձանագրվել ընթացիկ տարվա ինն ամսում, ինչին նպաստել է նաեւ զբոսաշրջությունը: Նախատեսվում է, որ հաջորդ տարի այս ոլորտը կրկին կնպաստի տնտեսական աճին:

Ընթացիկ տարում, մասնավորապես, նախատեսված է եղել 3,2 տոկոս տնտեսական աճ, կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կգերազանցվի՝ հասնելով 4,3 տոկոսի: Աճին նպաստել են հատկապես արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները: Նախատեսված տնտեսական աճն ակնկալվում է ստանալ հարկաբյուջետային քաղաքականության, ներդրումների, չօգտագործված ներուժի օգտագործման արդյունքում, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա սոցիալական խնդիրների լուծման, աշխատատեղերի ավելացման վրա:

2018 թվականին ակնկալվում է ունենալ 1 տրիլիոն 307 մլրդ դրամ եկամուտների, 1 տրիլիոն 464,2 մլրդ դրամի ծախսերի ցուցանիշների մակարդակ: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 156, 9 մլրդ դրամ, որն այս տարվա ցուցանիշից ավելի է 7 մլրդ դրամով: Քայլեր են արվում՝ նվազեցնելու համար պետական պարտքի ցուցանիշը:

Եկամուտներից 1 տրիլիոն 247,9 մլրդը 2018 թվականին նախատեսվում է ստանալ հարկերից, որը 100 միլիարդով ավելի է, քան այս տարի: 100-ից 70 մլրդ դրամն ակնկալվում է ստանալ հարկերից, իսկ 30 մլրդ դրամը՝ հարկային վարչարարության բարելավման արդյունքում:

Գալիք տարում որոշակիորեն կավելացվեն պաշտպանության ոլորտի, ինչպես նաեւ կապիտալ ծախսերը, իսկ սոցիալական, կրթության ոլորտների ծախսային ցուցանիշները գրեթե նույնն են: 5 մլրդ դրամով նախատեսվում է կրճատել առողջապահության ոլորտի ծախսերը: 68,7 մլրդ դրամ կհատկացվի սոցիալ-մշակութային, 76,2 մլրդ դրամ՝ տրանսպորտային ոլորտին: Նախարարը նշել է, որ ինչպես այս տարի, գալիք տարի եւս բարձր կլինի արտահանման ցուցանիշը:

Հարակից զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը:
Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է կառուցվածքային բարեփոխումների իրականացման եւ տնտեսական աճի համեմատաբար բարձր տեմպերի վերականգնման քաղաքականությունը: 2018 թվականին կանխատեսվում է ՀՆԱ-ի 4,5 տոկոսի իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը: Տնտեսական աճը պայմանավորված կլինի արտաքին եւ ներքին զարգացումներով: Հարակից զեկուցողը նշել է, որ հաջորդ տարվա տնտեսական բարեփոխումների իրականացման ընթացքում ՀՀ կառավարությունը ջանքներն ուղղելու է ներդրումային միջավայրի բարելավմանը. նախատեսվում է ներդրումային ակտիվության աճ եւ պետական, եւ մասնավոր հատվածներում: Ըստ Արթուր Ջավադյանի՝ 2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում՝ 2017 թվականին սպասվող 3,6 տոկոսի դիմաց՝ ապահովելով ՀՆԱ-ի 2,7 տոկոսը. սա կարեւոր նախապայման է պետական պարտքի կայունացման եւ աստիճանական կրճատման համար:

Խոսելով պետական պարտքի մասին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը կարեւորել է պարտքի կառուցվածքի բարելավումը, մասնավորապես արտաքին պարտքը ներքին պարտքով փոխարինելու միջոցով: 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում հաշվի են առնվել հնարավոր բոլոր ռիսկերը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի գնահատմամբ՝ 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող ազդեցություն, եւ կնպաստի մակրոտնտեսական կայունությանը՝ հիմքեր ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է 2018 թվականի պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Գագիկ Մինասյանը համադրել է 2017 եւ 2018 թվականների ցուցանիշները՝ նշելով, որ հաջորդ տարվա տնտեսական աճը պայմանավորված կլինի եւ արտաքին, եւ ներքին գործոններով:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ակնկալվում է ներդրումների որոշակի աճ: Տնտեսության մեջ ամենամեծ աճը կապահովի արդյունաբերության ճյուղը:
Գագիկ Մինասյանը հանգամանալից ներկայացրել է ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության հետ կապված հարցերը, արտահանման եւ ներմուծման ծավալներին վերաբերող ցուցանիշները:
Պարոն Մինասյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը եւ առաջարկել է խորհրդարանին ընդունել համապատասխան որոշում:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Գագիկ Մինասյանին եւ Վարդան Արամյանին:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը գալիք տարվա պետական բյուջեի նախագծի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա նշել է, որ ոլորտին վերաբերող հատկացումներն ու ծրագրերը մի քանի փուլով քննարկվել են հարձնաժողովում, իսկ պատգամավորների հարցադրումներին պատասխանել են ոլորտի պատասխանատուները: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ոլորտի առանցքային ծախսային ուղղություններին, ընդգծել եւ կարեւորել պաշտպանության ոլորտին համար նախատեսված էական ավելացումները: Նա կարեւորել է ռազմարդյունաբերական համալիրին ուղղված միջոցների էական ավելացումն ու հետագա զարգացումը, ռազմական կարիքների հետագա գնահատումը, զինծառայողների սոցիալական ապահովության բարելավմանն ուղղված քայլերը, որոնցում հատուկ նշանակություն ունի բնակարանային բարելավման ծրագիրը եւ այլն:

Ամփոփելով ելույթը՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն արտացոլում է պաշտպանության ոլորտի գերակայությունները, եւ այն, ըստ էության տարբերվելով նախորդ տարիների բյուջեներից, հանձնաժողովի համար ամբողջապես ընդունելի է, իսկ նախագծի պետական եւ ծառայողական գաղտիք պարունակող ծախսերն օրինական են եւ հիմնավորված:

Հարցի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 16-ի նիստում:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը, որը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա անդրադարձել է Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ», ինչպես նաեւ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայաններին վերաբերող հարցապնդմանը եւ հանգամանալից պատասխանել նշված օդանավակայաններից իրականացվող չվերթերին, ավիատոմսերի սակագներին, բաց երկնքի քաղաքականությանը, ավիավառելիքի գներին առնչվող հարցերին:

Այնուհետեւ պարոն Գաբրիելյանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորներին մտահոգող հարցերին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոսելով խմբակցության ներկայացրած հարցապնդման մասին, խորհրդարանի ուշադրությունն է հրավիրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի շուկային՝ նշելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից ամեն օր իրականացվում է 206 չվերթ, որոնցից 110-ը իրականացվում է ռուսական ավիաընկերությունների կողմից եւ ռուսաստանյան ուղղություններով: Պատգամավորի կարծիքով՝ շուկան մոնոպոլիզացված է. Վրաստանում թուրքական ավիաընկերություններով կատարված չվերթերը կազմում են 20 տոկոս, իսկ մեզ մոտ ռուսական ընկերություններինը՝ 50 տոկոս: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ չվերթերի ժամանակ ծագող խնդիրների, տարբեր իրավիճակների, հայ ուղեւորների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանից դեպի Եվրոպա իրականացվող գիշերային չվերթերի պատճառով ստեղծվող անհարմարություններին եւ մտահոգություն հայտնել, որ Հայաստանի քաղաքացիները գնում են Վրաստան՝ արտասահման թռչելու համար: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օդի հարկը չի ազդում ավիատոմսերի գնային քաղաքականության վրա, քանի որ դրանք արդեն բավականին թանկ են:

Արամ Սարգսյանն անդրադարձել է վառելիքի գնին, որն ազդում է սակագների վրա եւ նշել, որ օդի հարկն էլ իր հերթին է ազդում է սակագնի վրա, սակայն «Շիրակ» օդանավակայանում այն չի գանձվում, իսկ «Զվարթնոց»-ում գանձվում է: Պարոն Սարգսյանի կարծիքով՝ Գյումրիով թռչում են ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռները. դա է պատճառը: Արամ Սարգսյանի խոսքով՝ երկու փակ սահման ունեցող երկիրն անպայման պետք է ունենա ազգային ավիափոխադրող. դա պետության համար կարեւոր է:

Արտակ Զեյնալյանն արձանագրել է, որ աշխարհում ավիափոխադրումների ոլորտում սրընթաց աճ կա, եւ Հայաստանը նույնպես պիտի ունենա իր տեղն այնտեղ: Սա կարեւոր է զբոսաշրջության զարգացման համար, որպեսզի զբոսաշրջիկը Հայաստան չգա Վրաստանով: ՀՀ կառավարությունը պիտի ջանքեր գործադրի միջանկյալ թռիչքների հարթակ դառնալու համար:

Քննարկվող հարցը հրատապ համարելով՝ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի իրավիճակը բարելավելու համար, քանի որ խոսքը լուրջ գործընթացի մասին է: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ զբոսաշրջության միջոցով հնարավոր է մեծ ֆինանսական հոսքեր ներգրավել պետական բյուջե, սակայն այժմ Հայաստան հասնելը խնդիր է դարձել եվրոպացի զբոսաշրջիկների համար՝ գալով Վրաստանով՝ մոտավորապես 12 ժամում են հասնում մեր երկիր:

Եզրափակիչ ելույթում Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է քննարկման ընթացքում հնչած հարցերին՝ նշելով, որ հասկանալի է այն անհանգստությունը, որը կա Հայաստանում ազգային ավիափոխադրողի բացակայության պատճառով:

Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ ազգային ավիափոխադրող ունենալը պետական մակարդակի խնդիր պետք է լինի, քանի որ այն նույնպես ազգային ատրիբուտ է: Պարոն Փաշինյանի խոսքով՝ պարտադիր չէ, որ Ռուսաստան մեկնող բոլոր չվերթերն իրականացվեն ռուսական ընկերությունների կողմից:

Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: