Տպել
23.10.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին ընդունել է Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյին, Կառլոս Էռնանդես Միրոնին եւ նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը եւ խմբի անդամ Գագիկ Մելիքյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մեքսիկացի պատգամավորների այցն առանձնանում է այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Մեքսիկայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը նոր էջ կբացի եւ նոր՝ առավել բարձր մակարդակի կբարձրացնի առկա հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ այլ ոլորտներում:

Էդուարդ Շարմազանովը մեքսիկացի գործընկերներին ցավակցություն է հայտնել Մեքսիկային վերջերս պատուհասած աղետի՝ երկրաշարժի կապակցությամբ՝ նշելով, որ հայ ժողովուրդը լավ է հասկանում մեքսիկացի ժողովրդի ցավը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Մեր պայքարը հանուն արդարության է եւ հանուն ցեղասպանությունների կանխարգելման: Մենք որեւէ ժողովրդի, այդ թվում նաեւ՝ թուրք ժողովրդին, թշնամի չենք համարում, բայց կարծում ենք, որ առաջինը հենց թուրք ժողովրդի համար է անհրաժեշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հաշտվել ու առերեսվել սեփական պատմության հետ, քանի որ ժխտողականությունը եւ կեղծիքը կարող են ծնել նոր ցեղասպանություններ ու արհավիրքներ»:

Պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ հաջորդ տարի լրանում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 70-րդ տարին, ուստի Հայաստանը այս համատեքստում հանդես է գալու նոր նախաձեռնություններով:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2011 թվականին Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված երկու բանաձեւերին՝ նշելով, որ դրանք ոչ միայն հակահայկական բնույթ ունեին, այլեւ ուղղակիորեն հակասում են միջազգային հանրության գնահատականներին: «ՄԱԿ-ն այս խնդրի լուծման մանդատը տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Միջազգային կառույցներում պետք է անենք քայլեր, որոնք չպետք է հակասեն միջազգային հանրության գնահատականներին: Սա մարդու իրավունքների պաշտպանության հարց է, ոչ թե տարածքային վեճ. Արցախի ժողովուրդն ունի անկախ ապրելու այնքան իրավունք, որքան նախկին ԽՍՀՄ որեւէ սուբյեկտի քաղաքացի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն իրենց խոսքում պաշտպանել են Մեքսիկա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսն ու պատվիրակության անդամ Կառլոս Էռնանդես Միրոնը:

Տիկին Դոմինգեսը վստահություն է հայտնել, որ իրենց այցը նոր խթան կհանդիսանա եւ կզարգացնի երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, ինչի համար իրենք, օգտագործելով խորհրդարանական հարթակը, պատրաստ են անելու առավելագույնը: Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցով, դիտարկել են Հայաստանը  որպես դարպաս՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ հարեւան այլ երկրների շուկաներ մուտք գործելու տեսանկյունից:



16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...