ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Միացյալ Թագավորության «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամների հետ, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով՝ մասնակցելու «Պահպանողականություն եւ առաջընթաց» համաժողովին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը: Ըստ փոխնախագահի՝ պետական, հանրային կառավարման համակարգում «Պահպանողական» կուսակցությունն ունի լուրջ փորձ եւ դերակատարում, ուստի կուսակցությունների համագործակցությունը կնպաստի երկրների միջեւ առեւտրաշրջանառության, մշակութային կապերի ընդլայնմանը:
Միքայել Մելքումյանը ներկայացրել է «Ծառուկյան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է երկու կուսակցությունների համագործակցությունը միջազգային հարթակում:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը գնահատելով համաշխարհային քաղաքական մշակույթում Միացյալ Թագավորության դերակատարումը՝ ընդգծել է, որ միմյանց հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային համագործակցության հարցերին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կարեւորել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը:
Նշենք, որ Երեւանում գտնվող Միացյալ Թագավորության «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամները սեպտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: