Տպել
19.09.2017
Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամները հյուրընկալել են Ռումինիայի հայ խորհրդարանականներին
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի եւ Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Սիմոն Սարգսյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամներ Սամվել Ֆարմանյանն ու Ռուզաննա Մուրադյանը:

Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել հայ-ռումինական քաղաքական հարաբերությունները` կարեւորելով փոխշահավետ կապերի զարգացումը բոլոր բնագավառներում: Նա ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը, որն իր հերթին կնպաստի այլ ոլորտների զարգացմանը:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Եվրոպայի ամենահին հայ համայնքներից մեկի՝ Ռումինիայի հայ համայնքի գործունեությանը եւ նշել, որ համայնքը դեռեւս անելիքներ ունի Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում:

Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Ռումինիայի իշխանությունները գնահատում են հայ համայնքի դերն ու նշանակությունը՝ ընձեռելով նրան գործունեության լավագույն պայմաններ: Վարուժան Ոսկանյանը մասնավորապես տեղեկացրել է, որ Ռումինիայի հայ համայնքն ունի մշակույթի պահպանման, հայոց լեզվի իմացության, գրքերի խնդիրներ:

Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ այլ հարցերի: