Տպել
28.06.2017
«Մենք պետք է միասնաբար պայքարենք թուրքական ժխտողականության դեմ». Էդուարդ Շարմազանովը՝ չեխ պատգամավորներին
1 / 4

Ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ հունիսի 27-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի անունից Պատգամավորների պալատում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը: Ընդունելությանը մասնակցել է նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, ինչպես նաեւ չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվո մեդալ, ՀՀ ԱԺ պատվոգիր եւ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորների:

Ընդունելության ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի պարոն Բյոհնիշ,

հարգելի գործընկերներ,

Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը լրջագույն քայլ էր՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների եւ ընդդեմ ցեղասպանությունների: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին մեծ աղետն էր եւ Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ձեր երկրի պատասխանն է ընդդեմ բարբարոսության: Մենք հիացած ենք ձեր խիզախությամբ, դրանով դուք կանխում եք նոր ցեղասպանությունները: Հարկ է նշել, որ Թուրքիան 102 տարվա ընթացքում չի փոխվել. շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Մենք պետք է միաբանվենք ընդդեմ թուրքական ժխտողականության եւ հանուն մարդու իրավունքների պաշտպանության»:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...