Տպել
22.06.2017
ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվել է
1 / 10

Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաստաթղթի վերաբերյալ
 
Կարեն Ավագյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը շատ հստակ է, այն ուղղված է երկրի անվտանգության ապահովմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Նա կարեւորել է բարձրագույն կրթության, առողջապահության, գիտության ոլորտներում նախատեսված փոփոխությունների իրականացումը: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել կառավարության ծրագիրը, որը, ըստ նրա, որակական բարձր հատկանիշներով էապես տարբերվում է նախորդ ծրագրերից: Կորյուն Նահապետյանի խոսքով՝ առկա է նաեւ բավարար քաղաքական կամք՝ իրականացնելու ծրագրային բոլոր դրույթները: Աղվան Վարդանյանը գործնական է գնահատել ծրագիրը եւ նշել, որ այն տարբերվում է իր հստակությամբ եւ տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխիչ միջոցառումներով:

Ծրագրի վերաբերյալ դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարեւորել է ծրագրային առաջնահերթությունների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, արդար ու թափանցիկ կադրային քաղաքականության իրականացումը: Նա գործնական է գնահատել ծրագիրը եւ համոզմունք հայտնել, որ առկա է բավարար քաղաքական կամք այն իրականացնելու համար: Խմբակցությունը կողմ է քվեարկելու «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերլուծել է կառավարության նախորդ՝ 2012-2017 թվականների ծրագրի իրականացման գործընթացը եւ կարծիք հայտնել, թե այն հիմնականում չի իրագործվել: Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ ժողովրդագրական խնդիրների, աղքատության կրճատման, բանակաշինության եւ այլ հարցերի մասին, քննադատել տարբեր ոլորտներում իշխանությունների վարած քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու ծրագրին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա եւս անդրադարձել է կառավարության նախորդ ծրագրին եւ կարծիք հայտնել, թե դրա ծրագրային բոլոր դրույթները ձախողված են: Ներդրումների վերաբերյալ խոսելով՝ նա նշել է, որ դրանց ներգրավմանը խոչընդոտում է քաղաքական որոշումների կայացման մեխանիզմի կարգավորված չլինելը: Պարոն Մելքումյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող քայլերին, մատնանշել առկա խնդիրները: «Տեսանելի չեն նաեւ կառավարության ծրագրի իրականացման քաղաքական երաշխիքները»-, ասել է Միքայել Մելքումյանը եւ հավելել, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության դրական տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա գնահատմամբ՝ ծրագիրն իրատեսական է, կառուցողական եւ Հանրապետական խմբակցությունն ավելի քան համոզված է, որ միասնական աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել հաջողության եւ իրականացնել այն գործնականում: Ըստ նրա՝ ծրագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները, եւ այն կարող է երկիրը տանել զարգացման ճանապարհով: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին:

ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ելույթն ամբողջությամբ տես այստեղ :

Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
 
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին ծրագրի շահագրգիռ եւ կառուցողական քննարկման, քննադատության, ինչպես նաեւ առաջարկների համար: Վարչապետն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած դիտողություններին, տվել պարզաբանումներ՝ նշելով, որ դրանք երբեմն դուրս են եկել աշխատանքային սահմաններից, ունեցել զգացմունքային շեշտադրումներ: Ըստ ՀՀ վարչապետի՝ կառավարության ծրագիրն իրագործելի է, իրատեսական, հստակ պատկերացվում են անելիքները, ուստի նա կոչ է արել խորհրդարանին քվեարկել խղճի մտոք՝ չելնելով միայն քաղաքական նկատառումներից:

«ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը քվեարկության արդյունքում ընդունվել է 64 կողմ, 31 դեմ ձայներով:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հուլիսի 6-ին  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: