Տպել
22.12.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ցավակցությունն է հայտնել ռուսական կողմին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի ահաբեկչական սպանության կապակցությամբ: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ ժողովուրդը սեփական փորձից գիտի, թե ինչ է պետական ահաբեկչությունը. դրա վառ ապացույցն է դեռեւս 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը, 21-րդ դարում Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում հազարավոր խաչքարերի վերացումը եւ այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը:

«Եւ Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, եւ ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ահաբեկչության դեմ միասնական պայքարելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է, որ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար` կարեւորում է այն փաստը, որ ՌԴ ԴԺ համապատասխան հանձնաժողովն իր առաջին արտագնա նիստն անցկացնում է Հայաստանում:

Պարոն Շարմազանովը մասնավորապես նշել է. «Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանում են եւ երկու պետությունների շահերից է բխում խորհրդարանական հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը, բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին պետք է նոր լիցք հաղորդել»:

Լեոնիդ Կալաշնիկովը համաձայնել է ԱԺ փոխնախագահի այն տեսակետի հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Կողմերը կարեւորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացումը եւ համակարգված աշխատանքը միջխորհրդարանական կառույցներում:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: