Տպել
01.12.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին՝ Արտակ Զաքարյանը շնորհավորել է պարոն Սագանելիձեին Վրաստանում հաջող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու եւ նոր գումարման խորհրդարանի աշխատանքները սկսելու կապակցությամբ: Այս համատեքստում պարոն Զաքարյանն իր գլխավորած հանձնաժողովի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու ձեւավորված արդյունավետ համագործակցությունը նորընտիր խորհրդարանի համանուն հանձնաժողովի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն կարեւորել է բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը: Նա խոսել է նաեւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացման եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակներում աջակցել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ամուր բարեկամական կապերի ու ավանդական ջերմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Այդ հարցում կարեւորվել է նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Արտակ Զաքարյանն անդրադարձել է տարբեր խորհրդարանական միջազգային հարթակներում հայ եւ վրացի խորհրդարանականների համագործակցությանն առնչվող հարցերին: Նշվել է նաեւ Վրաստանի նորընտիր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հերթական համատեղ նիստը հյուրընկալելու պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում Գիորգի Սագանելիձեն ներկայացրել է Վրաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրներ:

Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ խորհրդարանականները գոհունակությամբ են արձանագրում Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների՝ տարբեր մակարդակներում առկա ակտիվ եւ փոխշահավետ համագործակցության զարգացման դինամիկան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր: