Տպել
25.11.2016
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 25-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը նախագծի լրամշակված տարբերակը քննարկել է կառավարության ներկայացուցիչների հետ: Ըստ զեկուցողի՝ փաստաթղթի հիմնական դրույթներն արտացոլում են բոլոր շահագրգիռ կողմերի մոտեցումները: Պարոն Սահակյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախատեսվում է եւս մեկ անգամ լրամշակել եւ հստակեցնել ԱԺ օրենսդրական գործընթացին, քննիչ հանձնաժողովին, արտահերթ նստաշրջաններին եւ խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող կարեւորագույն դրույթները: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ փոփոխված Սահմանադրությունից բխող ԱԺ նոր կանոնակարգումների մասին:

Փաստաթղթի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա իր մտահոգություններն ու առաջարկներն է ներկայացրել նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Նախարարը հույս է հայտնել, որ բարձրացված հարցերը հնարավոր կլինի լուծել խորհրդարան-կառավարություն համատեղ քննարկումների արդյունքում:

Նշենք, որ կառավարությունը սահմանադրական օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով եւ 97-րդ հոդվածի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով, որ, ըստ նշված հոդվածի, պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով, իսկ Ազգային ժողովի կանոնակարգը սահմանադրական օրենք է` սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է պատգամավորի գործունեությանն առնչվող մի շարք դրույթներ, որոնք ներկայումս ամրագրված են ԱԺ կանոնակարգում, սահմանել առանձին օրենքով:

Հանձնաժողովը նախագծերին տվել է դրական եզրակացություն՝ նոյեմբերի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու համար:



16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...